«Ղեկավարությունն է մեզ խառնել», «չկա բևեռացում»․ հարցում – armeniatoday.am

Հայաստանում վերջին տարիների արտաքին և ներքին քաղաքական իրադարձությունները խորացրել են հասարակական և քաղաքական բևեռացումը։

Միջազգային զեկույցներում նշվում է, որ 2020 թվականի պատերազմից, Արցախից հայերի բռնի տեղահանությունից և անվտանգային ճգնաժամից հետո ավելի է սրվել բաժանումն իշխանամետ և հակակառավարական խմբերի միջև։ Բևեռացումը հատկապես նկատվեց հունիսի 7-ի Ազգային ժողովի ընտրություններին նախորդած շրջանում և շարունակվում է նաև ընտրություններից հետո։

Բևեռացման մասին իր զեկույցում նշել է Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության միջազգային դիտորդական առաքելությունը։ Freedom House-ն արձանագրել է, որ երկրում կա կուսակցական կտրուկ պառակտվածություն, որը խանգարում է երկխոսությանը։

Bertelsmann Transformation Index-ի տվյալներով՝ վերջին հինգ տարում բևեռացումն ավելի է սրվել ներքին և արտաքին իրադարձություններից հետո։

Հետընտրական հռետորաբանությունը նույնպես վկայում է բևեռացման միտումների մասին։

Իշխանությունները, որոնք 2018 թվականին արտաքին դիսկուրսում իրենց կողմնակիցներին ներկայացնում էին որպես «սպիտակներ», իսկ ընդդիմախոսներին՝ «սևեր», այժմ հայտարարում են, թե ընդդիմության օգտին քվեարկածների մեծ մասը ձայն է տվել կաշառքի դիմաց, իսկ իրենց ընտրողները, ի տարբերություն մյուսների, քվեարկում են հանուն խաղաղության։

Այս ֆոնին ընդդիմության ներկայացուցիչները հայտարարում են միավորվելու անհրաժեշտության մասին և կոչ անում չպառակտել հասարակությունը։

Armenia Today-ը հարցման միջոցով փորձել է պարզել, թե արդյոք հասարակության մեջ կա բևեռացում, ինչն է նպաստել դրա ձևավորմանը և ինչ ճանապարհով կարելի է միավորել հասարակությանը։

Հարցված քաղաքացիների մեծ մասն ասել է, որ հայ հասարակությունը բևեռացված է, և դրա պատճառը քաղաքականությունը և քաղաքական գործիչներն են։ Հարցված քաղաքացիներներից ոմանք իշխող ուժին են մեղադրել հասարակության բևեռացման համար։

«Բևեռացված է հասարակությունը։ Բոլոր քաղաքական ուժերը, և հատկապես այս պահին կառավարություն ձևավորող ուժը, հետևողականորեն նպաստել են, որ հասարակությունը դառնա բևեռացված»,- կարծիք է հայտնել քաղաքացին։

Հարցմանը մասնակցած քաղաքացիներից մեկի կարծիքով՝ հասարակության բևեռացման պատճառը խաբված լինելն է։

«Պատճառն այս խառը, վատ վիճակն է, մեծ մասը կարծում է՝ անելանելի վիճակում ենք, անհանդուրժողականությունն է շատացել, հիմնական պատճառը խաբված լինեն է»,- այսպես է մտածում քաղաքացին։

Մեկ այլ քաղաքացի համոզմունք է հայտնել, որ հասարակությունը բևեռացված է և դրա հնարավոր լուծումը Հայաստան-Սփյուռք միասնության մեջ է։

«Բևեռացում կա և դա նոր չէ Հայաստանում։ Տարբերություն են դնում մարդկանց սոցիալական ծագման, իրենց կրոնական ուղղվածության և այլնի մեջ։ Պետք է միասնություն լինի, ոչ թե տարանջատեն՝ գյումրեցիներ, տավուշցիներ, սյունեցիներ, ղարաբաղցիներ․ մի բուռ ազգ ենք»,- ասել է քաղաքացին։

Քաղաքացիների մես մասը բևեռացումը վտանագովոր է համարում նաև երկրի զարգացման և ամվտանգության տեսանկյունից։ Լուծումն ազգային գաղափարախոսության շուրջ միավորվելու մեջ են տեսնում։

«Բևեռացմանը նպաստել է քաղաքականությունը, քաղաքական ուղղությունները, սև-սպիտակի բաժանումը․ ուղղակի պետք է ազգային գաղափարախոսություն մշակվի, որը կկենտրոնանա երկիրը լավացնելու, արտաքին վտանգներից զերծ պահելու և ազգային մտածելակերպի շուրջ»,- դիրքորոշում է հայտնել քաղաքացին։

Հարցված մեկ այլ քաղաքացի բևեռացումը պայմանավորել է համացանցի ազդեցությամբ։

«Ավելի շատ ինտերնետն է նպաստել՝ կես ճիշտ-կես սխալ լուրերով լարում մտցնելով»,- ասել է մեկ այլ քաղաքացի։

Մյուս քաղաքացին բևեռացման լուծումը հնարավոր է համարել իշխանափոխության դեպքում։

«Այստեղ միայն մի լուծում կա՝ իշխանափոխություն»,- շեշտել է քաղաքացին։

Հարցվածներից մի քանիսի կարծիքով՝ հասարակությունը բևեռացված չէ։

«Հիմա մաքուր Հայաստան է և բևեռացում չկա»,- ասել է քաղաքացին։

Կային քաղաքացիներ, որոնց կարծիքով հասարակությունը բևեռացված է, սակայն երևույթն իրենց համար արտառոց չէ։ Նրանք, որպես պատճառ, նշել են տարբեր սոցիալական կամ կրթական մակարդակներ ունենալը և հավելել, որ յուրաքանչյուրն իրավունք ունի կարծիք ունենալ։

«Ընդամենը մի բուռ ազգ ենք ու միահամուռ չենք, բայց մարդիկ ունեն տարբեր կարծիքներ, պետք է հարգել բոլորը»,- ասել է հարցմանը մասնակցած մի քաղաքացի։

Մանրամասները՝ տեսանյութում։ 

Leave a Comment