Ադրբեջանի Գյոյգյոլի շրջանում անցկացված «Արևմտյան Ադրբեջանի ժառանգությունը․ վերադարձ պատմական արմատներին» խորագրով փառատոնի ընթացքում կրկին հնչել են վիճահարույց հայտարարություններ՝ կապված Հայաստանի տարածքի և մշակութային ժառանգության հետ։
Միջոցառման ընթացքում ցուցադրվել են Հայաստանի տարբեր վայրերի պատկերներ, այդ թվում՝ Երևանի Հանրապետության հրապարակից և Վայոց ձորի Նորավանքից արված լուսանկարներ, որոնք ներկայացվել են որպես այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի» մաս։ Օգտագործվել է նաև Հայաստանի քարտեզը՝ ներկայացված նույն ձևակերպմամբ, ինչպես նաև հնչել է հայկական ժողովրդական «Քոչարի» պարային երաժշտությունը՝ առանց հայկական ծագման հիշատակման։
Փառատոնի շրջանակում ադրբեջանցի պաշտոնյաները և «Արևմտյան Ադրբեջանի համայնքի» ներկայացուցիչները խոսել են «վերադարձի իրավունքի» մասին՝ ընդգծելով նման նախաձեռնությունները նաև ՀՀ տարածքներում անցկացնելու հեռանկարը։
Միջադեպին անդրադարձել է մշակութաբան Համլետ Պետրոսյանը՝ MediaHub-ի հետ զրույցում նշելով, որ իր գնահատմամբ՝ տեղի ունեցողը ոչ թե մշակութային յուրացում է, այլ հայկական հետքի հետևողական վերացման քաղաքականություն։
Նրա խոսքով՝ նման գործընթացները ունեն համակարգված բնույթ և ուղեկցվում են պատմամշակութային ժառանգության վերաիմաստավորմամբ ու քաղաքական նպատակներով օգտագործմամբ։
Պետրոսյանը նաև կարծիք է հայտնել, որ միջազգային արձագանքը նման զարգացումներին սահմանափակ է և էական փոփոխություններ չի կարող բերել ընթացող գործընթացներում։
Մանրամասները՝ https://mediahub.am/post/syyox6s3zl5gba76