Կեղծ լուրերից մինչև քաղաքական մանիպուլյացիա. ովքե՞ր են պայքարում արցախցիների ձայնի համար

Արցախից բռնի տեղահանությունից հետո հազարավոր արցախցիներ շարունակում են նոր կյանք կառուցել Հայաստանում։ Սակայն, բնակարանային, սոցիալական և հոգեբանական բազմաթիվ խնդիրներին զուգահեռ, նրանք դարձել են նաև տեղեկատվական պատերազմի թիրախ։ Հատկապես ընտրական գործընթացների ժամանակ սոցիալական ցանցերում ակտիվանում են տարբեր ապատեղեկատվական արշավներ, որոնք փորձում են ազդել արցախցիների քաղաքական դիրքորոշումների և ընտրական իրավունքի նկատմամբ վերաբերմունքի վրա։

Վերջին տարիներին հաճախ կարելի է հանդիպել հրապարակումների, որոնցում պնդում է արվում, թե արցախցիների ձայնը որևէ նշանակություն չունի, թե նրանց կարծիքը հաշվի չի առնվում, կամ որ Հայաստանի պետական ինստիտուտները ի վիճակի չեն պաշտպանել նրանց իրավունքները։ Նման հաղորդագրությունները հաճախ ուղեկցվում են հակահայկական շեշտադրումներով և այնպիսի նարատիվներով, որոնք Հայաստանը ներկայացնում են որպես ձախողված պետություն, իսկ արտաքին ուժերին,  որպես միակ հնարավոր «փրկիչ»։

Քաղաքագետ և տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանը դեռևս տարբեր հրապարակային ելույթներում բազմիցս ընդգծել է, որ տեղեկատվական պատերազմների հիմնական նպատակը հասարակության ներսում անվստահության և պառակտման խորացումն է։ «Ապատեղեկատվության նպատակը միշտ չէ, որ մարդկանց ստիպելն է հավատալ որևէ կոնկրետ սուտ տեղեկատվության։ Շատ հաճախ դրա նպատակը մարդկանց ստիպելն է ընդհանրապես չհավատալ որևէ բանի և կորցնել վստահությունը սեփական պետության ու ինստիտուտների նկատմամբ»,- նշում է նա։

Այս միտքը հատկապես արդիական է այն իրավիճակներում, երբ հասարակության խոցելի խմբերը, այդ թվում՝ բռնի տեղահանված արցախցիները, կանգնած են անորոշության առջև։

Այս թեմայի շուրջ զրուցեցինք մեդիագրագիտության դասընթացավար, լրագրող Անի Մկրտչյանի հետ, ով վերջին տարիներին աշխատել է տարբեր համայնքներում տեղեկատվական գրագիտության ծրագրերի շրջանակում։

-Ի՞նչ առանձնահատկություններ ունի արցախցիների նկատմամբ ուղղված ապատեղեկատվությունը։

-Հիմնականում խաղում են մարդկանց ցավի, անորոշության և հիասթափության վրա։ Օրինակ՝ տարածվում են հրապարակումներ, որոնցում ասվում է, թե «ձեր ձայնը ոչինչ չի փոխում», կամ «բոլոր որոշումները վաղուց կայացված են»։ Երբ մարդը մշտապես նման տեղեկատվության ազդեցության տակ է, սկսում է մտածել, որ իր մասնակցությունը որևէ նշանակություն չունի։

Հակահայկական նարատիվները որքանո՞վ են նկատելի։

-Շատ դեպքերում դրանք իրար հետ փոխկապակցված են։ Մի կողմից ներկայացվում է, թե Հայաստանը չի կարող պաշտպանել իր քաղաքացիներին, մյուս կողմից ստեղծվում է տպավորություն, որ արտաքին ուժերը կարող են լուծել բոլոր խնդիրները։ Սա դասական մանիպուլյացիա է, որի նպատակը հասարակության մեջ անվստահության խորացումն է։

 –Ինչպե՞ս կարելի է պաշտպանվել ապատեղեկատվությունից։

-Առաջին հերթին՝ չշտապել հավատալ այն ամենին, ինչ տեսնում ենք համացանցում։ Պետք է ստուգել աղբյուրները, համեմատել տարբեր լրատվամիջոցների տրամադրած տեղեկությունները և զգուշությամբ վերաբերվել չափազանց հուզական կամ վախ առաջացնող հրապարակումներին։

Տեղեկատվական պատերազմ, որի թիրախում մարդիկ են

Փորձագետները նշում են, որ ժամանակակից աշխարհում ընտրությունների վրա ազդելու փորձերը վաղուց դուրս են եկել ավանդական քարոզչության սահմաններից։ Սոցիալական ցանցերը, անանուն էջերը և համակարգված տեղեկատվական արշավները դարձել են հասարակական տրամադրությունների վրա ազդեցության գործիքներ։

Այս պայմաններում ամենակարևոր պաշտպանությունը տեղեկացված քաղաքացին է։ Որքան մարդիկ կարողանում են տարբերել փաստը մանիպուլյացիայից, այնքան ավելի դժվար է նրանց օգտագործել տեղեկատվական պատերազմներում։

Արցախցիների ընտրական իրավունքը, ինչպես յուրաքանչյուր քաղաքացու իրավունքը, պետք է պաշտպանված լինի ոչ միայն իրավական, այլև տեղեկատվական մակարդակում։ Որովհետև, երբ կեղծ տեղեկատվությունը փորձում է մարդկանց զրկել սեփական ձայնի արժեքի նկատմամբ հավատից, վտանգվում է ոչ միայն ընտրական գործընթացը, այլև հասարակության վստահությունը ժողովրդավարության նկատմամբ։

Լրագրողական դիտարկում.
Տեղեկատվական պատերազմներում առաջին հարվածը հաճախ հասցվում է ոչ թե սահմաններին, այլ մարդկանց գիտակցությանը։ Եվ եթե զենքի դեմ պայքարում են զինվորները, ապա ապատեղեկատվության դեմ պայքարում հաղթում են տեղեկացված քաղաքացիները։

Բովանդակության համար պատասխանատվություն է կրում է նյութի հեղինակը՝ Լամարա Թևոսյանը, և պարտադիր չէ, որ այն արտահայտի «Նոր ժողովրդավարություն» հիմնադրամի, Իրավաբանների հայկական ասոցիացիայի և Iravaban.net-ի տեսակետները։

Leave a Comment