«Այ տղեն դու ես». Երևանի ավագանու նիստը վերածվեց վիճաբանության և ծեծկռտուքի – Նորություններ 23.06.2026

Երևանի ավագանու նիստում լարված իրավիճակ է ստեղծվել իշխանական և ընդդիմադիր խմբակցությունների ներկայացուցիչների միջև, որը վերաճել է փոխադարձ վիրավորանքների և ծեծկռտուքի։

Միջադեպը սկսվել է նիստը վարող, ՔՊ-ական փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանի և «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանի միջև բանավեճից։ Փամբուխչյանը հայտարարել է, որ ընդդիմադիր խմբակցության ներկայացուցիչները նախ պետք է զբաղվեն իրենց քաղաքական թիմի խնդիրներով, ապա միայն քննադատեն մյուսներին։

Ստեփանյանի արձագանքից հետո կողմերի միջև հնչել են փոխադարձ կոշտ արտահայտություններ, ինչից հետո որոշում է կայացվել վերջինիս հեռացնել նիստերի դահլիճից։

Սակայն դրանից հետո իրավիճակն ավելի է սրվել։ Ըստ ներկաների, ՔՊ խմբակցության անդամ Միքայել Խաչատրյանը մոտեցել է «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գրիգոր Իսկանդարյանին, ինչից հետո նրանց միջև բախում է տեղի ունեցել, որը վերածվել է ծեծկռտուքի։

Միջադեպին ներգրավվել են նաև կին ավագանու անդամներ։ «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Աննա Ավետիսյանի և Անի Խաչատրյանի միջև ևս վիճաբանություն է ծագել, որը վերածվել է ֆիզիկական բախման։

Ստեղծված իրավիճակի պատճառով նիստը ընդհատվել է, և հայտարարվել է 30 րոպեանոց ընդմիջում։

Leave a Comment