Բերքաբեր համայնքում իրականացվեց սեմինար-քննարկում՝ «Ապատեղեկատվության և քարոզչության տարբերակումը հայկական մեդիամիջավայրում» թեմայով։ Միջոցառմանը մասնակցում էին շուրջ 15 հոգի՝ համայնքի բնակիչներ, երիտասարդներ, հանրային գործընթացներով հետաքրքրված քաղաքացիներ։
Սեմինարի հիմնական նպատակը մասնակիցների մեդիագրագիտության մակարդակի բարձրացումն էր, ապատեղեկատվության ազդեցության նվազեցումը և տեղեկատվության նկատմամբ քննադատական մտածողության ձևավորումը։ Քննարկման ընթացքում մասնակիցներն անդրադարձան հայկական մեդիա դաշտում տարածվող ապատեղեկատվության օրինակներին, քարոզչական բովանդակության առանձնահատկություններին, հասարակության վրա դրանց ունեցած ազդեցությանը, ինչպես նաև տեղեկատվության ստուգման և վստահելի աղբյուրների ընտրության կարևորությանը։
Մասնակիցները նշեցին, որ հաճախ դժվար է տարբերակել փաստերի վրա հիմնված տեղեկատվությունը մանիպուլյատիվ կամ կողմնակալ բովանդակությունից։
Առանձնակի ուշադրություն դարձվեց քարոզչության հիմնական մեխանիզմներին, տեղեկատվության տարածման արագությանը և այն վտանգներին, որոնք կարող են առաջանալ չստուգված տեղեկությունների լայն տարածման արդյունքում։ Կարևորվեց երիտասարդների շրջանում մեդիագրագիտության զարգացման կարևորությունը՝ ընդգծելով, որ ժամանակակից տեղեկատվական միջավայրում անհրաժեշտ է զարգացնել տեղեկատվությունը վերլուծելու և գնահատելու հմտությունները։
Մասնակիցները կարևորեցին նաև համայնքային մակարդակում նմանատիպ կրթական նախաձեռնությունների շարունակական իրականացումը, որոնք նպաստում են տեղեկացված և պատասխանատու հասարակության ձևավորմանը։
«Այս քննարկումը օգնեց ավելի լավ հասկանալ, թե ինչպես կարելի է տարբերակել իրական տեղեկատվությունն ու քարոզչությունը»,- նշեց համայնքի բնակիչներից մեկը։ Սեմինար-քննարկման երիտասարդ մասնակիցներից մեկն էլ հավելեց, որ,- «Այսօր շատ կարևոր է սովորել ստուգել տեղեկատվությունը, հատկապես սոցիալական ցանցերում տարածվող նյութերը»։
Նրանք ընդգծեցին, որ նման հանդիպումները նպաստում են ավելի տեղեկացված, քննադատական մտածողություն ունեցող և ակտիվ հասարակության ձևավորմանը։
Բովանդակության համար պատասխանատվություն է կրում է նյութի հեղինակը՝ Արմինե Ասլանյանը, և պարտադիր չէ, որ այն արտահայտի «Նոր ժողովրդավարություն» հիմնադրամի, Իրավաբանների հայկական ասոցիացիայի և Iravaban.net-ի տեսակետները։