ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված են կլինիկական օրդինատուրայի կրթական ծրագրերով առկա ուսուցման ընդունելության, ինչպես նաև պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար) տեղերի հատկացումների կարգն ու պայմանները։ Սակայն շատերը չգիտեն, որ առողջապահության ոլորտում կադրային քաղաքականության բարելավման նպատակով ներկայացվել է նոր նախագծային փաթեթ, որով առաջարկվում է կատարել փոփոխություններ կլինիկական օրդինատուրայի և ինտերնատուրայի ընդունելության ու տեղաբաշխման համակարգում։
Ինչպես տեղեկացնում է նախագծի հիմնավորումը, նպատակն է ապահովել մարզային առողջապահական կազմակերպությունների կադրային համաչափ համալրումը, Երևանի առողջապահական համակարգի բեռնաթափումը, ինչպես նաև Հայաստանի զինված ուժերում բժիշկ-մասնագետների պահանջարկի բավարարումը։ Նախագծի հեղինակների գնահատմամբ՝ բժշկական կադրերի պատրաստման և բաշխման գործող մեխանիզմները պետք է համապատասխանեցվեն առողջապահական համակարգի ներկա և կանխատեսվող պահանջներին՝ հաշվի առնելով նաև որոշ մասնագիտություններով առաջացած թերակազմավորումները։
Ինչպես տեղեկացնում է Iravaban.net-ը, նախագծով նշվում է, որ հաշվի առնելով առողջապահության ոլորտում կադրային բացերի առկայությունը և ռազմավարական մասնագիտությունների կարևորությունը, անհրաժեշտ է կատարել նպատակային կլինիկական օրդինատուրայի համակարգի կատարելագործում՝ ապահովելով մասնագետների արդյունավետ բաշխում և պարտադիր աշխատանքի ուղղորդում սահմանված ժամկետներով։
Անհրաժեշտությունը.
Նախագիծն ընդունվում է «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի 43-րդ հոդվածի 7-րդ մասին համապատասխան համապատասխան:
Նախագծի ընդունումը կնպաստի մարզային առողջապահական համակարգի տարածքային համաչափ զարգացմանը:
Ընթացիկ իրավիճակը և խնդիրները.
Հայաստանի Հանրապետության առողջապահության բնագավառում առկա են բժշկական կադրային ներուժի պատրաստման, նրանց օպտիմալ և տարածքային համաչափ բաշխման խնդիրներ:
Առողջապահության նախարարությունը փորձում է տարաբնույթ ծրագրերով լրացնել այդ բացը` համագործակցելով մարզային իշխանությունների հետ:
Մարզերի կադրային պահանջարկի համալրման հիմնական մեխանիզմներից մեկն է նաև պետական պատվերի շրջանում կլինիկական օրդինատուրան ավարտած մասնագետների պարտադիր նշանակման պրակտիկան:
ՀՀ առողջապահության նախարարությունը և «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամը ներկայացրել են առկա ուսուցմամբ կլինիկական օրդինատուրայի, իսկ ՀՀ պաշտպանության նախարարությունը՝ ինտերնատուրայի և կլինիկական օրդինատուրայի կրթական ծրագրերով իրենց հայտերը՝ հաշվի առնելով առողջապահական համակարգի ներկա իրավիճակը և ակնկալվող կադրային պահանջարկը, մարզային առողջապահական կազմակերպությունների կադրային բացը լրացնելու, Երևանի՝ կադրային գերհագեցած համակարգը բեռնաթափելու հարցը և ՀՀ զինված ուժերում ներկայիս և ակնկալվող կադրային պահանջարկը:
Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի ներդրումից հետո 2026 թվականի հունվարի 1-ից ավելի քան հիսուն տոկոսով նվազել է ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական կազմակերպություններում գործող որոշ բժիշկ- մասնագետների աշխատավարձերը` պայմանավորված մինչև համակարգի ներդրումը այդ մասնագետների համար կիրառվող` ըստ մարդաշնչի փոխհատուցման մեխանիզմի փոխարինմամբ մատուցված ծառայությունների թվի դիմաց իրականացվող ֆինանսավորմամբ: Հաշվի առնելով վերոնշյալ հանգամանքը, ինչպես նաև որոշ մասնագիտություններով բժիշկ-մասնագետների համալրման անհրաժեշտությունը և ռազմավարական նշանակությունը` Առողջապահության նախարարությունը նպատակահարմար է գտնում իրականացնելու բժիշկ-մասնագետների վերամասնագիտացում` նպատակային կլինիկական օրդինատուրայի ծրագրի շրջանակներում:
Անկախ կրթական աստիճանից (բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագիր, մագիստրատուրա, ասպիրանտուրա) ընդունելության գործընթացի արդյունքում անհրաժեշտություն է առաջանում վերաբաշխել թափուր մնացած տեղերը, ընդ որում վերաբաշխումն անհրաժեշտ է իրականացնել մրցույթի հիմնական փուլի ավարտից հետո այնպիսի ժամկետում, որ մրցույթի հիմնական փուլի և թափուր տեղերի մրցույթի արդյունքում ուսումնական հաստատություն ընդունվածները հնարավորություն ունենան դասերին մասնակցել միաժամանակ:
Հիմք ընդունելով վերոգրյալը և Առողջապահության նախարարության առաջարկությունը՝ նախագծում, ինչպես նախորդ տարիներին, այս տարի ևս ներառվել է դրույթ, ըստ որի՝ Կառավարությունը լիազորում է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը՝ համապատասխան նախարարությունների կամ ուսումնական հաստատությունների հայտերի հիման վրա, տրամադրված տեղերի շրջանակում վերաբաշխել թափուր մնացած տեղերը:
Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը.
ՀՀ պաշտպանության նախարարությունից, ՀՀ առողջապահության նախարարությունից և «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամից ստացված հայտերի հիման վրա ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն ըստ մասնագիտությունների՝ ՀՀ կառավարության հաստատմանն է ներկայացնում պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ /անվճար/ առկա ուսուցման կլինիկական օրդինատուրայի և ինտերնատուրայի ընդունելության տեղերը:
Առողջապահության ծառայությունների մատուցման, բժշկական օգնության որակի բարձրացման համար շատ կարևոր գործոն է համակարգը բարձր որակավորմամբ մասնագետներով համալրելը, ինչպես նաև մարդկային ներուժի հավասարաչափ բաշխումը՝ Երևանում և մարզերում:
Ըստ մասնագիտությունների առավել պահանջված են ընտանեկան բժիշկները, անեսթեզիոլոգները և ռեանիմատոլոգներ, թերապևտները, նյարդաբանները, վիրաբույժները, մանկաբույժերը և այլն:
Նպատակային կլինիկական օրդինատուրայի ընդունելությունը իրականացվում է մրցութային կարգով, ուսումնառությունն իրականացվում է պետական պատվերով, օրդինատորները յուրաքանչյուր ամիս ստանում են կրթաթոշակ: Ուսումն ավարտելուց և ինքնուրույն մասնագիտական գործունեություն իրականացնելու իրավունք ձեռք բերելուց հետո շահառուները պարտավորվում են աշխատանքային պայմանագիր կնքել Առողջապահության նախարարության առաջարկած կազմակերպության հետ` վերջիններիս առաջարկած պայմաններով, առնվազն 3 տարի ժամկետով:
Ստորև ներկայացնում ենք ամփոփ տեղեկատվություն՝ 2021-2025թթ օրդինատուրայի նպատակային և վճարովի ընդունելության, համապատասխան մասնագետների պահանջարկի, օրդինատուրայի շրջանավարտների հետագա աշխատանքային գործունեության վերաբերյալ.
|
Տարեթիվ |
Կադրերի թափուր հաստիքներ |
Նպատակային ծրագրով ընդունվածների թիվ |
Նպատակային ծրագրով ավարտածների թիվ |
Նպատակային ծրագրով ավարտած բժիշկների և աշխատանքի ուղեգրվածների թիվ |
|
2021թ. |
280 |
57 |
40 |
40 (ավարտածների 100 %-ը) |
|
2022թ. |
321 |
58 |
47 |
46 (ավարտածների 98 %-ը) |
|
2023թ. |
309 |
60 |
60 |
55 (ավարտածների 92 %-ը) |
|
2024թ. |
304 |
69 |
65 |
59 (ավարտածների 91 %-ը) |
|
2025թ. |
268 |
74 |
58 |
54 (ավարտածների 93 %-ը) |
|
2026թ. |
279 |
|
5 (ընթացքում է) |
4 (ընթացքում է) |
Տվյալների վերլուծությունից պարզ է դառնում, որ նպատակային կլինիկական օրդինատուրայի, պետության կողմից ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ տեղերը հնարավորություն են տալիս լրացնել մարզային բժշկական կազմակերպությունների կադրային բացը 14-20%-ով, չնայած այն հանգամանքին, որ ավարտելուց հետո համապատասխան առողջապահական կազմակերպություններ են գործուղվել ավարտողների ավելի քան 90 տոկոսը։
Նպատակային ծրագրով ավարտածների և աշխատանքի ուղեգրված բժիշկների թվերի անհամապատասխանությունը պայմանավորված է մասնագետների մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդով, ժամկետային զինվորական ծառայությամբ և երկրորդ մասնագիտություն ստանալու համար ժամկետի հետաձգմամբ: Բացի այդ, կան նաև աշխատանքից հրաժարվածներ, ովքեր համաձայն պայմանագրի պարտավորվել են համապատասխան վճարումներ կատարել պետական բյուջե: Աշխատանքից հրաժարվելու հիմնական պատճառներն են աշխատանքի այլ առաջարկը, երկրից դուրս գնալը կամ անձնական խնդիրները:
Առաջարկվող կարգավորման նպատակը և բնույթը.
Կլինիկական օրդինատուրայի կրթական ծրագրով ուսումնառության անվճար տեղերի հատկացումը նպատակ ունի կանոնակարգել ուսումնական հաստատություններում առկա ուսուցմամբ կլինիկական օրդինատուրայի ընդունելությունը, ինչպես նաև նպաստել բժշկական կադրային ներուժի պատրաստմանն ու ՀՀ զինված ուժերում բժիշկ-սպաների և մարզային առողջապահության կադրային պահանջարկի համալրմանը:
Կլինիկական օրդինատուրայում տեղերի հատկացումը հնարավորություն է ընձեռում ապահովել շարունակական կրթությունը, ինչպես նաև առողջապահության համակարգում առանցքային մասնագիտություններով բժիշկ-մասնագետների փոխարինելիությունն ու բժշկական օգնության և սպասարկման մատուցման կայունությունը:
Ինտերնատուրայում տեղերի հատկացումը նախատեսում է կարգավորել ՀՀ զինված ուժերում առկա բժշկական կազմի թերհամալրվածության խնդիրը:
Ակնկալվող արդյունքը.
Նախագծի ընդունումը պաշտպանության և առողջապահության ոլորտների համար կապահովի բարձր որակավորմամբ անհրաժեշտ բժշկական կադրերի համալրումն՝ ըստ համապատասխան մասնագիտությունների:
Այլ տեղեկություններ (եթե այդպիսիք առկա են)
Նախագծի ընդունման դեպքում պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների էական ավելացումների կամ նվազեցումների մասին տեղեկանքի լրացման անհրաժեշտությունը բացակայում է, քանի որ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների էական ավելացումներ կամ նվազեցումներ չեն նախատեսվում։
Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.
2050 Հայաստանի վերափոխման ռազմավարություն, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ
Նախագիծը բխում է 2050 Հայաստանի վերափոխման ռազմավարության «Կիրթ և կարողունակ քաղաքացի, ժողովուրդ» 1-ին մեգանպատակից, ինչպես նաև Կառավարության 2021-2026թթ. ծրագրի «4.5 Առողջապահություն բաժնի» 13-րդ ենթակետի դրույթներից, այն է. Կառավարության գերակա նպատակներից է առողջապահության ոլորտի մարդկային ներուժի պատրաստման, արդյունավետ պլանավորման և կառավարման միջոցով բժշկական հաստատությունները բարձրագույն և հետբուհական ու միջին մասնագիտական կրթությամբ որակյալ մասնագետներով ապահովելը՝ բժշկական օգնության և սպասարկման որակը բարձր պահելու նպատակով: