Հանրահավաք, թե՞ քաղաքական բլեֆ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Հանրահավաք, թե՞ քաղաքական բլեֆ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ընդդիմադիր դաշտում քննարկվում է ռուսաստանահայ գործարար Սամվել Կարապետյանի հրավիրած հանրահավաքը. սակայն արդյո՞ք այն կկարողանա համախմբել տարբեր քաղաքական ուժերին և իրական ազդեցություն ունենալ քաղաքական գործընթացների վրա։ Թե՞, ինչպես պնդում են իշխանության ներկայացուցիչները, խոսքը հերթական աղմկոտ, բայց դատապարտված նախաձեռնության մասին է։

Ընդդիմադիր ուժերն առայժմ չեն արձագանքել Կարապետյանի կոչին։ «Ուժեղ Հայաստանից» պնդում են, որ քաղաքական գործընթացները նոր են սկսվել, և դեռ չեն մեկնաբանում, թե երբ կկայանան հանրահավաքները։

Մինչ այդ, քաղաքագետ Էդգար Առաքելյանը համոզված է՝ արդեն իսկ ակնհայտ է, որ ընդդիմադիր դաշտի տարբեր դերակատարներ գործում են նույն քաղաքական տրամաբանության շրջանակում.

«էս հայտարարությունը ու մյուսների ողջունումը, եթե չեմ սխալվում, էլի Քոչարյանի թիմը, մյուսները ողջունել են, սա ևս մեկ անգամ հաստատում է մեր նախկին ասածը, որ էս ուժերը միասին են ու մեկ քաղաքական թիմ են, ըստ էության։ Պարզապես նախընտրական ժամանակահատվածում իրենք դիստանցավորում են միմյանցից՝ ցույց տալով, որ տարբեր քաղաքական ուժեր են»։

Քաղաքագետի գնահատմամբ՝ եթե ընդդիմությունն իսկապես լայն գաղափարական աջակցություն ունենար, ապա վերջին զարգացումներից հետո գոնե ինքնաբուխ հավաքներ կարձանագրվեին։

Փորձագետը կասկածի տակ է դնում նաև սպասվող հանրահավաքի մասշտաբներն ու ազդեցությունը՝ պնդելով, որ ընդդիմությունը չունի փողոցային պայքարի համար անհրաժեշտ հանրային ռեսուրս.

«Գումարով քաղաքական գործընթացների մեջ ներգրավված մարդը չի կարա, ուրեմն, գաղափարական պայքար տանի, իսկ հանրահավաք դուրս են գալիս գաղափարական մարդիկ։ Ու համոզմունք ունեմ, որ նրանք էլի, ովքեր, եթե կլինի նման հանրահավաք, դուրս կգան հանրահավաքի, էլի, համոզված եմ, կլինեն ձայնագրություններ, ու կապացուցվի, որ էդ մարդկանց զգալի մասը էլի գումարով բերված է»։

Միաժամանակ, փորձագետը համոզված է, որ ընդդիմադիր դաշտում առկա են նաև ներքին մրցակցություն և առաջնորդության համար պայքար.

«Ակնհայտ է, որ Սամվել Կարապետյանը փորձում է էդ ինչ-որ լիդերությունը իր վրա վերցնի, բայց ես, հաշվի առնելով էս մարդկանց տեսակը, իրենց նեղ ամբիցիաները, համոզմունք ունեմ, որ ինչ-որ պահի էդ ֆորմալ հանգամանքը էլի դուրս կգա մեջից, և ամեն մեկը իրա ամբիցիաները առաջ կտանի»։

Սահմանադրական դատարանի որոշմանը սպասելու մասին հայտարարությունները քաղաքագետը գնահատում է որպես ժամանակ շահելու փորձ և հստակ օրակարգ չունենալու հետևանք։

Մանրամասները՝ տեսանյութում։ 

Leave a Comment