ԱԱԾ-ում քննարկվել է գերիների և անհայտ կորածների հարցերով կառույցների համակարգումը

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում քննարկվել է գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող պետական մարմինների փոխգործակցությունը, հայտնել են գերատեսչության մամուլի ծառայությունից։

Նիստը տեղի է ունեցել ԱԱԾ տնօրեն Արմեն Սիմոնյանի գլխավորությամբ։ Մասնակիցները քննարկել են պետական կառույցների աշխատանքների համակարգման, ինչպես նաև 2026 թվականի մայիսի 1-ից ուժի մեջ մտած «Ռազմական գործողությունների հետևանքով ստեղծված պայմաններում և հանգամանքներում անհայտ կորած անձանց մասին» ՀՀ օրենքի կիրարկման հարցերը։

Սիմոնյանը ներկայացրել է նաև նախորդ նիստի արդյունքներով տրված հանձնարարականների կատարման ընթացքը։

Քննարկումների արդյունքում հանձնաժողովի անդամներին տրվել են նոր հանձնարարականներ և սահմանվել հետագա աշխատանքների հիմնական ուղղությունները։

Հաձնաժողովի նախորդ նիստը կայացել էր 2025 թվականի դեկտեմբերի 29-ին, որի ժամանակ Սիմոնյանը նշել էր, որ անհետ կորածների հարցը դիտարկվում է բացառապես որպես հումանիտար խնդիր։

ՀՀ քննչական կոմիտեից Armenia Today-ին հայտնել էին, որ 44-օրյա պատերազմի հետևանքով անհայտ կորած է համարվում 191 մարդ, որից172-ը՝ զինծառայող, 19-ը՝ քաղաքացիական անձ։

Բաքվում գտնվող հայ գերիների թիվը, պաշտոնական տվյալներով, 19 է:

Leave a Comment