«Հայաստանը վերածում են ազդեցությունների գոտու»․ Շիրազ Մանուկյան

«Հայաստանը վերածում են ազդեցությունների գոտու»․ Շիրազ Մանուկյան

«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Շիրազ Մանուկյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հայաստանը վերածում են ազդեցությունների գոտու.
Վերջին ամիսներին ավելի ու ավելի ակնհայտ է դառնում մի վտանգավոր միտում. Ադրբեջանը պետական մակարդակով հետևողականորեն առաջ է տանում Հայաստանում ադրբեջանցիների բնակեցման և այսպես կոչված «արևմտյան ադրբեջանցիների վերադարձի» օրակարգը, մինչդեռ Հայաստանի իշխանությունները չեն ցուցաբերում այն հստակ և կոշտ հակազդեցությունը, որն ակնկալում է հասարակությունը։
Իմ գնահատմամբ՝ Նիկոլ Փաշինյանի իշխանության վարած քաղաքականությունը ոչ թե ամրապնդում, այլ թուլացնում է Հայաստանի ինքնիշխանությունը՝ երկիրը աստիճանաբար վերածելով արտաքին ազդեցությունների գոտու։ Երբ պետությունը հրաժարվում է իր ազգային շահերը պաշտպանելուց և մշտապես զիջումների քաղաքականություն է վարում, ստեղծվում են բոլոր նախադրյալները, որպեսզի արտաքին ուժերը մեծացնեն իրենց ազդեցությունը երկրի ներքին ու արտաքին քաղաքականության վրա։
Այսօր Հայաստանը կանգնած է այնպիսի իրավիճակի առաջ, երբ տարբեր աշխարհաքաղաքական շահեր ունեցող պետություններ փորձում են ազդել մեր երկրի ապագայի վրա։ Իսկ թույլ և անվստահ իշխանությունը ոչ թե սահմանափակում, այլ ընդլայնում է այդ հնարավորությունները։
Ադրբեջանը բարձրացնում է նոր պահանջներ, Թուրքիան առաջ է մղում իր տարածաշրջանային շահերը, իսկ Հայաստանի իշխանությունները հաճախ ավելի մեծ եռանդ են ցուցաբերում ընդդիմության դեմ պայքարում, քան ազգային շահերի պաշտպանության հարցում։ Արդյունքում հասարակության մոտ ձևավորվում է հիմնավոր հարց. ո՞վ է իրականում պաշտպանում Հայաստանի պետական շահը։
Ազգային անվտանգության, ժողովրդագրական քաղաքականության և ինքնիշխանության հարցերը չեն կարող դառնալ գաղտնի պայմանավորվածությունների կամ արտաքին ճնշումների առարկա։ Հայաստանի ապագան պետք է որոշվի բացառապես Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կամքով և պետական շահերով։
Պետությունը, որը չի պաշտպանում իր շահերը, աստիճանաբար վերածվում է ազդեցությունների գոտու։ Իսկ ազդեցությունների գոտում ապրող ժողովուրդը կորցնում է սեփական ապագան ինքնուրույն որոշելու հնարավորությունը»։

Աղբյուրը`   Շիրազ Մանուկյան

Leave a Comment