Ղազախստանի Հանրապետության Աստանա քաղաքում սույն թվականի հունիսի 19-ին տեղի ունեցավ «GOV HR ֆորում 2.0. Մարդիկ, հեռանկարներն ու հանրային արժեքները թվայնացման և արհեստական բանականության դարաշրջանում» խորագրով միջազգային համաժողովը, որին մասնակցում էր նաև ՀՀ վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի ղեկավար Վաչե Քալաշյանը։
Ամփոփելով համաժողովի արդյունքները, հարկ է նշել, որ վերջինիս շրջանակներում՝ ՀՀ վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի ղեկավար Վաչե Քալաշյանը երկկողմ արդյունավետ հանդիպումներ է ունեցել Ղազախստանի Հանրապետության նախագահին առընթեր երկու հաստատությունների ղեկավարների, մասնավորապես՝ Ղազախստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության գործակալության նախագահ Ժազիկբայ Դարխանի և պետական կառավարման ակադեմիայի ռեկտոր Ազամատ Ժոլմանովի հետ։
Հանդիպումների ընթացքում քննարկվել և ընդգծվել են հանրային ծառայության բարեփոխումների ոլորտում երկկողմանի համագործակցությունների սերտացման, համատեղ նորարարական ծրագրերի իրականացման, թվայնացման գործիքների համակողմանի ներդրման հարցերի կարևորությունն ու անհրաժեշտությունը, ինչն իր հերթին կնպաստի երկու երկրների կայուն զարգացմանն ու հետագա առաջընթացին։