
Իսրայելը դիտարկում է ԱՄՆ-ում կայանալիք բանակցությունների շրջանակում Լիբանանի հարավում գտնվող տարածքներից զորքերի «խորհրդանշական» դուրսբերման մասին հայտարարելու հնարավորությունը։ Այս մասին հայտնում է CNN-ը՝ հղում կատարելով իսրայելական աղբյուրին։
Նրա խոսքով՝ այդ գաղափարը քննարկվել է Իսրայելի և Լիբանանի միջև եռօրյա բանակցությունների նախաշեմին, որոնք պետք է տեղի ունենան այս շաբաթ Վաշինգթոնում: Դուրսբերումն իրենից կներկայացնի այսպես կոչված «դեղին գծից» այն կողմ գտնվող փոքր շրջաններից ուժերի մի մասի դուրսբերում, նշում է լրատվամիջոցը:
Ավելի վաղ Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել էր, որ Իսրայելը մտադիր չէ դուրս բերել զորքերը Լիբանանի հարավում գտնվող անվտանգության գոտուց:
Նշենք, որ «Դեղին գիծը» Իսրայելի պաշտպանության բանակի (ՑԱՀԱԼ) կողմից Լիբանանի հարավում ստեղծված բուֆերային սահմանագիծն է (հակատանկային պաշտպանության գիծ), որը ձևավորվել է Գազայի հատվածի մոդելով՝ հյուսիսային սահմանին անվտանգությունը վերահսկելու նպատակով։