ՀՀ կառավարության 2022 թվականի հուլիսի 28-ի N 1180-Ն, N 1177-Ն և N 1161-Ն որոշումներով հաստատվել են անձի ֆունկցիոնալության գնահատման կարգը, դրա չափորոշիչներն ու գործիքները, ինչպես նաև ծառայությունների անհատական ծրագրեր կազմելու և իրականացնելու կարգը։ Սակայն շատերը չգիտեն, որ 2026 թվականի հունիսի 18-ի N 856-Ն որոշմամբ այդ երեք որոշումներում կատարվել են փոփոխություններ ու լրացումներ։
Ինչպես տեղեկացնում է Iravaban.net-ը, փոփոխություններն ընդունվել են 2026 թվականի փետրվարի 13-ի ՀՕ-49-Ն օրենքի պահանջներն իրացնելու նպատակով, և որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Ծառայությունների անհատական ծրագրի փոփոխությունը
Նոր կարգավորմամբ բժշկասոցիալական փորձաքննության արդյունքում անժամկետ հաշմանդամություն ունեցող անձինք իրենց ցանկությամբ կարող են դիմել, այդ թվում՝ ծառայությունների անհատական ծրագիր ստանալու համար։ Ծրագրում փոփոխություն (լրացում) կատարվում է գործող ֆունկցիոնալության գնահատման արդյունքների և ներկայացված փաստաթղթերի հիման վրա, ընդ որում՝ ֆունկցիոնալության սահմանափակման աստիճանը չի վերանայվում։ Փոփոխության դեպքում ձևավորվում է նոր անհատական ծրագիր, որում ներառվում են նաև նախկին ծրագրի բոլոր ծառայությունները, իսկ նախորդը համարվում է անվավեր։
Որոշմամբ սահմանվել են նաև այն դեպքերը, երբ փոփոխություն չի կատարվում՝ դիմումում նշված ծառայությունը ցուցելու իրավական հիմքի բացակայության, գնահատող հանձնաժողովի կողմից տվյալ ծառայությունը չցուցելու, կամ ֆունկցիոնալության գնահատման որոշման ժամկետը դիմելուն հաջորդող ամսին լրանալու դեպքերում։ Դիմողը հանձնաժողովի որոշման մասին տեղեկացվում է 3 աշխատանքային օրվա ընթացքում՝ էլեկտրոնային համակարգի միջոցով։
Ֆունկցիոնալության սահմանափակման աստիճանները
Որոշմամբ նոր խմբագրությամբ է շարադրվել ֆունկցիոնալության սահմանափակման աստիճանների աղյուսակը, որն ունի հետևյալ տեսքը՝
- խնդիր չունի, սահմանափակում չկա՝ 0-4%,
- թեթև աստիճանի խնդիր՝ 5-24%,
- միջին աստիճանի խնդիր՝ 25-49%,
- ծանր աստիճանի խնդիր՝ 50-95%,
- խորն աստիճանի խնդիր՝ 96-100%։
Տերմինաբանական փոփոխություն
Որոշմամբ մի շարք կետերում «երաշխավորվում», «երաշխավորություն» և «երաշխավորված» բառերը փոխարինվել են համապատասխանաբար «ցուցվում», «ցուցում» և «ցուցված» բառերով։ Այսպիսով՝ ծառայություններն այլևս ոչ թե «երաշխավորվում», այլ «ըստ կարիքի ցուցվում» են։
Ամփոփելով՝ պետք է նշել, որ N 856-Ն որոշմամբ ճշգրտվել է անձի ֆունկցիոնալության գնահատման և ծառայությունների անհատական ծրագրերի կարգը, սահմանվել է ծրագիրը փոփոխելու հստակ ընթացակարգը՝ առանց ֆունկցիոնալության աստիճանի վերանայման, և ամրագրվել է սահմանափակման աստիճանների նոր աղյուսակը, – տեղեկացնում է Iravaban.net-ը ։
Ծանուցում. սույն նյութը պատրաստված է միայն իրավական իրազեկման նպատակով և չի հանդիսանում իրավաբանական խորհրդատվություն։