Թրամփը «էլ չի ուզում ընկերություն անել Մելոնիի հետ». Իտալիայի վարչապետը հակադարձում է

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը իր Truth Social սոցցանցում գրել է, որ էլ չի ուզում ընկերություն անել Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնիի հետ:

Վստահեցնելով, թե Մելոնիի ժողովրդականությունը իտալացի ընտրողների շրջանում ցածր է, Թրամփը շարունակել է. – «Այժմ, երբ Միացյալ Նահանգներն Իրանին պարտության է մատնել ռազմական ճանապարհով, նա կրկին ցանկանում է ընկերանալ [ինձ հետ]՝ իր «թվերը բարձրացնելու» համար: Ոչ, շնորհակալություն»:

ԱՄՆ նախագահը կրկին պնդել է, թե Իտալիայի վարչապետը Ֆրանսիայում Մեծ յոթնյակի գագաթնաժողովում «կրկին ու կրկին խնդրում էր» իրեն լուսանկարվել իր հետ:

Մելոնին սոցցանցերում արձագանքել է Թրամփին՝ նրա խոսքերը որակելով «մշտական գրոհներ առանց պատճառի», որոնք «անիմաստ են»: Վարչապետը վստահեցրել է, թե ԱՄՆ նախագահի հետ բարեկամությունը «հաստատ չի օգնել» իր ժողովրդականությանը Իտալիայում:

«Ամեն դեպքում, իմ ժողովրդականությունը Ձեր հոգսը չէ: Խորհուրդ եմ տալիս Ձեզ կենտրոնանալ Ձե՛ր ժողովրդականության վրա», – ընդգծել է Մելոնին:

Երկու օր առաջ ԱՄՆ նախագահն իտալացի լրագրողներին ասել էր, թե Ֆրանսիայում Մեծ յոթնյակի գագաթնաժողովում Մելոնին իրեն «աղաչում էր» լուսանկարվել իր հետ, և ինքը դա արեց, քանի որ «խղճաց նրան»:

Ի պատասխան՝ Իտալիայի վարչապետը հայտարարել էր, որ «ցնցված է» Թրամփի այդ մեկնաբանությամբ, որն «ամբողջությամբ մտացածին է»:

Իտալիայի արտգործնախարար Անտոնիո Տայանին չեղյալ է հայտարարել իր աշխատանքային այցը ԱՄՆ Թրամփի խոսքերի պատճառով, որոնք, ըստ նախարարի, «վիրավորում են ամբողջ Իտալիան»:

Leave a Comment