ՀՀ ընտանեկան օրենսգրքի 13-րդ հոդվածի համաձայն՝ ամուսնությունը կարող է դադարել ամուսնալուծության միջոցով։ Սակայն շատերը չգիտեն, որ ամուսնալուծությունն օրենքով կատարվում է երկու եղանակով՝ քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմնում (ՔԿԱԳ) կամ դատական կարգով, և որ ընտանեկան մի շարք վեճերով դատարան դիմելուց առաջ պարտադիր է անցնել հաշտարարություն։
Ինչպես տեղեկացնում է Iravaban.net-ը, ՀՀ ընտանեկան օրենսգիրքը և «Հաշտարարության մասին» օրենքը սահմանում են ամուսնության դադարման հիմքերը, ամուսնալուծության կարգը, ինչպես նաև երեխաների, ալիմենտի և գույքի հետ կապված վեճերի լուծման ընթացակարգը։
Ամուսնության դադարման հիմքերը
Ընտանեկան օրենսգրքի 13-րդ հոդվածի համաձայն՝ ամուսնությունը դադարում է ամուսիններից մեկի մահվան (կամ դատարանի կողմից մահացած ճանաչվելու), ինչպես նաև ամուսնալուծության հետևանքով։ Ամուսնալուծությունը կարող է կատարվել ամուսինների կամ նրանցից մեկի, ինչպես նաև դատարանի կողմից անգործունակ ճանաչված ամուսնու խնամակալի դիմումի հիման վրա։ Կարևոր սահմանափակում. ամուսինը, առանց կնոջ համաձայնության, իրավունք չունի ամուսնալուծության դիմում ներկայացնելու կնոջ հղիության ընթացքում։
Ամուսնալուծությունը ՔԿԱԳ մարմնում
Ընտանեկան օրենսգրքի 15-րդ հոդվածի համաձայն՝ ամուսինների միջև փոխադարձ համաձայնության դեպքում ամուսնալուծությունը կատարվում է ՔԿԱԳ մարմնում։ Ամուսիններից մեկի դիմումով ամուսնալուծությունը ՔԿԱԳ մարմնում կատարվում է նաև այն դեպքում, երբ մյուս ամուսինը դատարանի կողմից ճանաչվել է անհայտ բացակայող կամ անգործունակ, կամ դատապարտվել է ազատազրկման՝ երեք տարուց ոչ պակաս ժամկետով։
Ամուսնալուծությունը դատական կարգով
Ընտանեկան օրենսգրքի 16-րդ հոդվածի համաձայն՝ ամուսնալուծությունը կատարվում է դատական կարգով, եթե բացակայում է ամուսիններից մեկի համաձայնությունը, եթե ամուսիններից մեկը խուսափում է ՔԿԱԳ մարմնում ամուսնալուծվելուց, կամ եթե ամուսինները փոխադարձ համաձայնությամբ ցանկանում են ամուսնալուծվել դատական կարգով։ Դատարանն իրավունք ունի միջոցներ ձեռնարկելու ամուսիններին հաշտեցնելու համար և գործի քննությունը հետաձգելու՝ տրամադրելով մինչև երեքամսյա ժամկետ, ինչպես նաև կողմերին առաջարկելու վեճը լուծել հաշտարարության միջոցով։ Փոխադարձ համաձայնության դեպքում դատարանը լուծում է ամուսնությունը դիմում տալու օրվանից ոչ ուշ, քան մեկ ամսում։
Մինչև դատարան դիմելը՝ պարտադիր հաշտարարություն
Կարևոր է իմանալ, որ ընտանեկան մի շարք վեճերով դատարան դիմելը հնարավոր է միայն նախ հաշտարարություն անցնելուց հետո։ «Հաշտարարության մասին» օրենքի 2-րդ հոդվածի 2.1-ին մասի համաձայն՝ նախքան դատարան դիմելը հաշտարարության իրականացումը պարտադիր է, մասնավորապես՝ ամուսնալուծության, երեխայի բնակության վայրը որոշելու կամ փոփոխելու (այդ թվում՝ դատարանի սահմանածը), ալիմենտի բռնագանձման կամ դրա չափը փոփոխելու (այդ թվում՝ դատարանի սահմանածը), ամուսինների ընդհանուր գույքի բաժանման, երեխայի հետ շփման, դաստիարակության, կրթության և տեսակցության կարգին վերաբերող, ինչպես նաև ամուսնական պայմանագրի փոփոխման կամ լուծման վերաբերյալ գործերով։ Նույն պահանջը ամրագրված է նաև ընտանեկան օրենսգրքի 7-րդ հոդվածում։
Ե՞րբ պարտադիր հաշտարարություն չի պահանջվում
«Հաշտարարության մասին» օրենքի 2-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված են այն դեպքերը, երբ կողմերը կարող են չդիմել պարտադիր հաշտարարության, մասնավորապես՝ եթե կողմերից մեկի նկատմամբ կիրառվել է ընտանեկան բռնության դեմ պաշտպանության միջոց, եթե կողմերից մեկը քրեական պատասխանատվության է ենթարկվել մյուս կողմի կամ նրա մերձավորի (զավակի, ծնողի, պապի կամ տատի, եղբոր կամ քրոջ) նկատմամբ դիտավորությամբ հանցագործության համար, կամ եթե կողմերից մեկը ճանաչվել է անհայտ բացակայող կամ անգործունակ, գտնվում է կալանքի տակ կամ կրում է ազատազրկման պատիժ։ Բացի այդ, պարտադիր հաշտարարության պահանջը չի տարածվում ծնողական իրավունքների սահմանափակման, դրանցից զրկելու և համանման՝ երեխայի շահերի պաշտպանությանն առնչվող մի շարք գործերի վրա։
Երեխաների, ալիմենտի և գույքի հարցերը
Ընտանեկան օրենսգրքի 17-րդ հոդվածի համաձայն՝ ամուսինները կարող են դատարան ներկայացնել համաձայնություն այն մասին, թե երեխաներն ում հետ են ապրելու, ինչպիսին է ապրուստը հոգալու կարգն ու չափը, կամ ինչպես է բաժանվելու ընդհանուր գույքը։ Համաձայնության բացակայության դեպքում դատարանն է որոշում՝ երեխաներն ում հետ պետք է ապրեն, որ ծնողից և ինչ չափով ալիմենտ բռնագանձվի, ինչպես նաև ամուսինների պահանջով կատարում է ընդհանուր գույքի բաժանումը։ Ընդ որում, 54-րդ հոդվածի համաձայն՝ երեխայից առանձին ապրող ծնողը պահպանում է երեխայի հետ շփվելու, նրա դաստիարակությանն ու կրթությանը մասնակցելու և երեխայի մասին տեղեկատվություն ստանալու իրավունքը, իսկ այն ծնողը, ում հետ ապրում է երեխան, չպետք է խոչընդոտի այդ շփմանը, եթե այն վնաս չի պատճառում երեխայի ֆիզիկական ու հոգեկան առողջությանը և բարոյական զարգացմանը։
Ե՞րբ է ամուսնությունը համարվում դադարած
Ընտանեկան օրենսգրքի 18-րդ հոդվածի համաձայն՝ ՔԿԱԳ մարմնում լուծվող ամուսնությունը համարվում է դադարած ամուսնալուծության պետական գրանցման պահից, իսկ դատական կարգով լուծվողը՝ դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելու պահից։
Հաճախ տրվող հարցեր
– Կարո՞ղ եմ ամուսնալուծվել, եթե ամուսինս դեմ է։
– Այո։ ՀՀ ընտանեկան օրենսգրքի 16-րդ հոդվածի համաձայն՝ ամուսիններից մեկի համաձայնության բացակայության դեպքում ամուսնալուծությունը կատարվում է դատական կարգով։ Դատարանը կարող է հաշտեցման համար տրամադրել մինչև երեքամսյա ժամկետ։
– Նախ պե՞տք է հաշտարարություն անցնել, թե կարող եմ ուղղակի դատարան դիմել։
Ընտանեկան մի շարք վեճերով (ամուսնալուծություն, երեխայի բնակության վայր, ալիմենտ, գույքի բաժանում և այլն) նախքան դատարան դիմելը հաշտարարությունը պարտադիր է՝ բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի (օրինակ՝ ընտանեկան բռնության դեմ պաշտպանության միջոց կիրառված լինելը)։
Ի՞նչ է լինում, եթե կինը հղի է։
Ընտանեկան օրենսգրքի 13-րդ հոդվածի համաձայն՝ ամուսինը, առանց կնոջ համաձայնության, իրավունք չունի ամուսնալուծության դիմում ներկայացնելու կնոջ հղիության ընթացքում։
Ո՞վ է որոշում՝ երեխան ում հետ է մնալու։
Եթե ամուսինները համաձայնության են գալիս, ապա այն ներկայացնում են դատարան։ Համաձայնության բացակայության դեպքում 17-րդ հոդվածի համաձայն՝ դատարանն է որոշում, թե երեխաներն ում հետ պետք է ապրեն և որ ծնողից ինչ չափով ալիմենտ բռնագանձվի։
Կարո՞ղ է դատարանի սահմանած ալիմենտի չափը հետագայում փոխվել։
Այո։ Ընտանեկան օրենսգրքի 107-րդ հոդվածի համաձայն՝ եթե ալիմենտի չափը դատական կարգով որոշելուց հետո փոխվել է կողմերից մեկի գույքային կամ ընտանեկան դրությունը, դատարանը կարող է կողմի պահանջով փոփոխել չափը կամ պարտավոր անձին ազատել վճարելուց (այս դեպքում ևս նախ պահանջվում է հաշտարարություն)։
Ամփոփելով՝ պետք է նշել, որ եթե ամուսինների միջև առկա է փոխադարձ համաձայնություն և բացակայում են վեճերը, ամուսնալուծությունը կարող է կատարվել ՔԿԱԳ մարմնում՝ պարզ կարգով։ Սակայն երբ բացակայում է համաձայնությունը, կամ առկա են երեխաների, ալիմենտի կամ գույքի հետ կապված վեճեր, ամուսնալուծությունն անցնում է դատական կարգով՝ պարտադիր հաշտարարությունից հետո, որտեղ իրավունքների պատշաճ պաշտպանությունը պահանջում է մասնագիտական մոտեցում, – տեղեկացնում է Iravaban.net-ը։
Ծանուցում. սույն նյութը պատրաստված է միայն իրավական իրազեկման նպատակով և չի հանդիսանում իրավաբանական խորհրդատվություն։ Կոնկրետ իրավիճակներում իրավաբանական խորհրդատվություն ստանալու համար կարող եք դիմել «ԼԻԳԼ ԸԼԱՅԸՆՍ» իրավաբանական ընկերությանը՝ զանգահարելով +374 99 970704 հեռախոսահամարին կամ գրելով [email protected] էլեկտրոնային փոստի հասցեին։