Էրդողան. Թուրքիան որևէ մեկի տարածք չի ներխուժում

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ իր երկիրն աշխարհում 11-րդն է ռազմարդյունաբերական համալիրի արտադրանք արտահանողների մեջ, ոտնձգություն չի անում որևէ մեկի տարածքի վրա և թույլ չի տա, որ ոտնահարվեն սեփական իրավունքները։

«Պաշտպանության ոլորտում մենք հասել ենք աներևակայելի բարձունքների: Անցյալ ամիս մենք պատմական հաջողությունների հասանք՝ արտահանելով 996 միլիոն դոլար արժողությամբ պաշտպանական և օդատիեզերական արտադրանք: Մենք աշխարհում 11-րդ ամենամեծ պաշտպանական արտահանող երկիրն ենք և այն երկրներից ենք, որոնք կարող են միաժամանակ մեծ քանակությամբ ռազմանավեր կառուցել: Մենք կառուցում ենք ավելի քան 50 ռազմանավ՝ բարեկամ և դաշնակից պետություններ արտահանման համար», – ասել է նա Ստամբուլում՝ Ռումինիայի և Թուրքիայի ռազմածովային ուժերին երկու նավ հանձնելու արարողության ժամանակ։

Նրա խոսքով՝ «Թուրքիայի նպատակը տարածաշրջանում լարվածություն ստեղծելը չէ, այլ խաղաղության, արդարության, հանգստության և կայունության ամրապնդումը»։

«Մենք չենք ձգտում որևէ մեկի հետ ճգնաժամ, քաոս, ռազմական գործողություններ կամ հակամարտություններ ստեղծել: Մենք որևէ մեկի հողի կամ ինքնիշխանության, օրինական իրավունքների և շահերի դեմ ոտնձգության մտադրություն չունենք և երբեք չենք ունեցել:

Այնուամենայնիվ, մենք թույլ չենք տա որևէ մեկին ոտնձգություն կատարել մեր ինքնիշխանության նկատմամբ, սպառնալ մեր երկրին կամ վնասել մեր շահերը»,- ասել է Էրդողանը:

Leave a Comment