Նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը մեկնաբանել է «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանի նախաձեռնությունը՝ ընդդիմադիր ուժերի համախմբման անհրաժեշտության վերաբերյալ:
Կարապետյանը հայտարարել էր ընտրություններից հետո ընդդիմադիր կոալիցիա և համակարգող խորհուրդ ստեղծելու, ինչպես նաև բոլոր ընդդիմադիր ուժերի մասնակցությամբ համատեղ հանրահավաք անցկացնելու մտադրության մասին:
Մի քանի լրատվամիջոցների հետ հարցազրույցում նախկին նախագահը նշել է, որ ընտրություններից առաջ էլ կարծում էր, որ ընդդիմությունը կարող է ավելի ակտիվ համագործակցել: Ըստ Քոչարյանի՝ հենց այլ քաղաքական ուժերն էին փորձում հեռավորություն պահել իր գլխավորած «Հայաստան» դաշինքից:
«Հիմա, իհարկե, համագործակցությունը համարում եմ, որ պետք է։ Մենք դրա մասին հայտարարություն արել էինք և սա, անկասկած, մեր ընդհանուր մոտեցման շրջանակներում է գտնվում», – նշել է Քոչարյանը:
Պատասխանելով ընտրություններից առաջ «Ուժեղ Հայաստան» դաշինքի շուրջ ընդդիմության համախմբման բացակայության մասին հարցին՝ նա նշել է, որ իր թիմի կողմից անցկացված բոլոր հարցումները ցույց են տվել, որ «Հայաստան» դաշինքը հաղթահարելու է ընտրական շեմը:
