«Ուժեղ Հայաստանի» պատգամավորի թեկնածու Աշոտ Եղիազարյանին ներկայացված մեղադրանքը հիշեցնում է ֆանտաստիկ ֆիլմի սցենա, News.am-ի հետ հարցազրույցում հայտարարել է փաստաբան Լիաննա Գասպարյանը։
Նա անդրադարձել է ՔԿ-ի այն հաղորդագրությանը, որ Եղիազարյանը կալանավորվել է՝ 100-ից ավելի ընտրողի ընտրակաշառք տալու համար։
Նրա խոսքով՝ Եղիազարյանը որևէ առնչություն չունի նման արարքի հետ, հետևաբար այնպես ինչպես Եղիազարյանին են վերագրել նման դեպք, կարող են վերագրել ցանկացած անձի: ««Ուժեղ Հայաստան»-ի դեպքում այլևս իրավունքը տրորելու նոր նշաձող է սահմանվել»,- ասել է փաստաբանը:
Գասպարյանը շեշտել է, որ Եղիազարյանի կալանքի հարցի քննության, դատական նիստի ընթացքում նրան վերագրվող մեադրանքներն ամբողջությամբ հերքվել են: Նա նաև նշել է, որ իր պաշտպանյալին կալանավորելու որևէ պայման չկա։
«Իրավապահները պարզապես արդեն որոշել են, որ նույնիսկ քարոզչական նպատակով որևէ մեկի հետ հաղորդակցումը դա ևս ապօրինի է»,- հավելել է նա:
Փաստաբանը նշել է նաև, որ բողոքարկելու են կալանավորման վերաբերյալ դատական ակտը, որի համար ունեն բազմաթիվ հիմքեր և հիմնավորումներ:
