Վարչական դատարանը բավարարել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու հայցը Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցու գործով՝ ընդդեմ ՆԳՆ ոստիկանության, հայտնել է փաստաբան Արա Զոհրաբյանը։
Նա մանրամասնել է, որ վճռով դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել ոստիկանության անգործությունը:
Գործը վերաբերում էր Արագածոտնի մարզի Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցուն, որտեղ կարգալույծ հռչակված Արամայիս Թախմազյանի կողմից եկեղեցու Սուրբ Խորան, Ավանդատուն և Ատյան մուտք գործելու և ծիսական գործողություններ իրականացնելու վտանգի մասին Եկեղեցին նախապես դիմել էր ոստիկանությանը՝ պահանջելով ՀՀ կառավարության թիվ 797-Ն որոշմամբ նախատեսված կարգով կանխել ներխուժումը և իրականացնել վտարման գործողություններ։
Փաստաբանը նշել է, որ ոստիկանությունը հրաժարվել էր կատարել օրենքով սահմանված գործողությունները՝ նույնիսկ չներկայանալով դեպքի վայր և չիրականացնելով կառավարության որոշմամբ նախատեսված ստուգողական միջոցառումները։
Վարչական դատարանն արձանագրել է, որ ոստիկանությունը պարտավոր էր ստացված դիմումների հիման վրա ներկայանալ եկեղեցու տարածք և կատարել օրենքով նախատեսված գործողությունները։
«Առանց դեպքի վայր այցելելու և օրենքով սահմանված ընթացակարգը կատարելու ոստիկանությունը իրավասու չէր եզրակացնել, թե ներխուժում կա, թե չկա։
Եկեղեցու դիմումների հիման վրա գործողություններ չկատարելը հանդիսացել է ոչ իրավաչափ անգործություն»,- հավելել է Զոհրաբյանը։
