Ղազինյանը ԿԸՀ-ին դատի է տվել՝ պահանջելով անվավեր ճանաչել իր վերաբերյալ որոշումները

«Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու, կալանավորված Դավիթ Ղազինյանը Կենտրոնական ընտրական հանձնաժողովի դեմ հայց է ներկայացրել Վարչական դատարան։

Դատարանից տեղեկանում ենք, որ Ղազինյանը դատարանից պահանջել է անվավեր ճանաչել ԿԸՀ-ի՝ իր նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելու համաձայնություն տալու որոշումները։

Վարչական դատարանի դատավոր Լիլիթ Սադոյանը հունիսի 18-ին որոշում էր կայացրել վարույթ ընդունել  Ղազինյանի հայցը և ԿԸՀ-ից պահանջել վիճարկվող որոշումների հիմքում ընկած նյութերն ու նիստի ձայնագրությունները։ Մեկ այլ որոշմամբ՝ դատարանը գործով որպես երրորդ կողմ ներգրավել է ՀՀ գլխավոր դատախազությանը, որը հունիսի 6-ին Ղազինյանին անձեռնմխելիությունից զրկելու և նրա նկատմամբ քրհետապնդում հարուցելու միջնորդություն էր ներկայացրել ԿԸՀ։

Գործի քննությունը նշանակվել է հունիսի 22-ին։

ԿԸՀ-ն հունիսի 17-ին համաձայնություն էր տվել Ղազինյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն և նրան ազատությունից զրկելուն։ Նրան մեղադրանք էր առաջադրվել ընտրակաշառք տալու նախապատրաստման համար։ Պաշտպանական կողմը գործը քաղաքականապես մոտիվացված էր որակել և հայտարարել, որ մեղադրանքը հիմնավորող փաստեր չկան։

Հունիսի 17-ին Ղազինյանին ձերբակալվել, հունիսի 18-ին երկու ամսով կալանավորվել էր։ 

Leave a Comment