Ընտրակաշառքի գործ․ 18 անձի տրվել է 50 հազարական դրամ, ևս 18-ին՝ խոստացվել․ գործը դատարանում է

2026 թվականի հունիսի 16-ին Հակակոռուպցիոն դատարան է մուտքագրվել ընտրակաշառք տալու և ստանալու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը։ Այն նույն օրը մակագրվել է Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Վարդգես Ստեփանյանին։ Այս մասին Iravaban.net-ը տեղեկանում է «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից։

Մեղադրական եզրակացություն

Ս․Լ․-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Դավիթ Անհաղթ փողոցի 10-րդ շենքի 17-րդ հասցեում գործող ենթագրասենյակի ղեկավարը և հանդես գալով նշված դաշինքի անունից, Ա․Բ․-ի և ինքնությունները չպարզված այլ հանցակիցների հետ նախնական համաձայնությամբ, խմբի կազմում, «Ազգային ժողովի հերթական ընտրություն նշանակելու մասին» ՀՀ Նախագահի՝ 2026 թվականի փետրվարի 7-ին ուժի մեջ մտած թիվ ՆՀ-21-Ն հրամանագրով 2026 թվականի հունիսի 7-ին նշանակված Ազգային ժողովի հերթական ընտրություններին մասնակցելու, «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի օգտին քվեարկելու, ինչպես նաև ընտրակաշառքի դիմաց նշված դաշինքի օգտին քվեարկելուն պատրաստակամ անձանց հավաքագրելու պայմանով, 2026 թվականի մայիս ամսին Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի բնակիչ և ընտրելու իրավունք ունեցող մի խումբ անձանց ընտրակաշառք տալու նպատակով ստացել են 2.000.000 ՀՀ դրամ գումար, որի մի մասը որպես ընտրակաշառք տվել են քննությամբ դեռևս չպարզված թվով 18 անձանց՝ յուրաքանչյուրին 50.000-ական ՀՀ դրամ, ինչպես նաև քննությամբ դեռևս չպարզված թվով ևս 18 անձանց խոստացել են տալ ընտրակաշառք:

Վ․Ա․-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, «Ազգային ժողովի հերթական ընտրություն նշանակելու մասին» ՀՀ Նախագահի՝ 2026 թվականի փետրվարի 7-ին ուժի մեջ մտած թիվ ՆՀ-21-Ն հրամանագրով 2026 թվականի հունիսի 7-ին նշանակված Ազգային ժողովի հերթական ընտրություններին մասնակցելու, «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի օգտին քվեարկելու, ինչպես նաև ընտրակաշառքի դիմաց նշված դաշինքի օգտին քվեարկելուն պատրաստակամ անձանց հավաքագրելու պայմանով, 2026 թվականի մայիս ամսին Ա․Բ․-ից և ինքնությունները չպարզված այլ անձանցից ստացել է 400.000 ՀՀ դրամ ընտրակաշառք:

Ս․Լ․-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 219-րդ հոդվածի 2-րդ մասի։

Վ․Ա․-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 218-րդ հոդվածի 1-ին մասով և 219-րդ հոդվածի 2-րդ մասով։

Մեղադրյալների նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Leave a Comment