Էդուարդ Հակոբյանը խորհրդարանին է ներկայացրել ՊԵԿ-ի 2025 թ. գործունեության մասին հաղորդումը

2025 թվականը հարկային եւ մաքսային վարչարարության տեսանկյունից բեկումնային էր: Ամենակարեւոր ձեռքբերումն այն բանաձեւի եւ ուղենիշների սահմանումն է, որոնց շուրջ պիտի գործի Պետական եկամուտների կոմիտեն, եւ դա մեզ հաջողվել է. ասել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը:

ՀՀ ԱԺ հունիսի 18-ի նիստում քննարկվել է Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի 2025 թվականի գործունեության մասին հաղորդումը:

Հիմնական զեկուցողը նշել է, որ Պետական եկամուտների կոմիտեն դինամիկ զարգացող եւ առաջատար կառույց է, որը հայտնի է տեխնոլոգիական, համարձակ նորարարությամբ ու մարդակենտրոն մոտեցմամբ: «Իսկ առաքելությունը, որով առաջնորդվում ենք մեր աշխատանքում, հետեւյալն է. ապահովել արդար եւ թափանցիկ հարկային ու մաքսային միջավայր, խթանել կամավոր կարգապահությունը եւ ծառայել քաղաքացիներին ու բիզնեսին՝ հանուն Հայաստանի առաջանցիկ զարգացման»,- նշել է Էդուարդ Հակոբյանը:

Ըստ զեկուցողի՝ 2025 թվականին արձանագրվել են բավական բարձր արդյունքներ՝ 2 տրլն 725 մլրդ դրամի հարկային եկամուտներ եւ տուրքեր, ինչը 14 տոկոսով ավելի է 2024 թվականի ցուցանիշից: Այս տեսանկյունից Էդուարդ Հակոբյանը շնորհակալություն է հայտնել բոլոր հարկ վճարողներին՝ պետության հանդեպ ցուցաբերած պատրաստակամության, բարձր կարգապահության եւ հոգատարության համար:

Նա մանրամասն ներկայացրել է հաշվետու տարում արձանագրված ոլորտային ցուցանիշները: Նշվել է, որ էական փոփոխություններ են արձանագրվել նաեւ հարկ վճարողներին վերադարձված գումարների մասով: Ընդհանուր առմամբ վերադարձվել է 409 մլրդ դրամ, ինչը 4,2 տոկոսով ավելի է նախորդ ցուցանիշից: Այս հարցում էական դեր է ունեցել հատկապես հիպոտեկային վարկի տոկոսավճարների գծով եկամտային հարկի վերադարձը, որը կազմել է 96 միլիարդ դրամ՝ արձանագրելով 39,4 տոկոս աճ:

ՊԵԿ նախագահը խոսել է հաշվետու տարում ստվերային շրջանառությունների, հարկային եւ մաքսային ոլորտներում խոշոր բացահայտումների, համակարգում մի շարք ուղղություններով իրականացված բարեփոխումների, մասնագետների վերապատրաստումների մասին:

Խորհրդարանը քվեարկություններով ընդունել է քննարկված օրենքների նախագծերը:

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն Ազգային ժողովի 8-րդ գումարման 11-րդ նստաշրջանը հայտարարել է փակված. հնչել է ՀՀ օրհներգը: ԱԺ 8-րդ գումարման 11-րդ նստաշրջանն ավարտել է իր աշխատանքը:

Leave a Comment