Վրաստանի Պետական անվտանգության ծառայության «Վրացական երկաթուղու» նախկին տնօրեն Դավիթ Փերաձեի և այլ ղեկավար անձանց նկատմամբ քրեական հետաքննության շրջանակներում հունիսի 17-ին դատարանը 8 մեղադրյալների նկատմամբ որպես խափանման միջոց սահմանել է կալանավորումը, հայտնում է Aliq Media-ն։
Նշվում է, որ ՊԱԾ հակակոռուպցիոն գործակալությունը Փերաձեին և ևս յոթ անձի (Գիորգի Կուրտանիձե, Զազա Բիձինաշվիլի, Անզոր Ջամալաշվիլի, Ռևազ Ռևազիշվիլի, Մալխազ Օմարաշվիլի, Ալեքսանդրե Տորիաշվիլի, Գիորգի Մարուքաշվիլի) մեղադրում է կոռուպցիոն սխեմաների կազմակերպման համար։ Ավելի կոնկրետ՝ 2019-2022 թվականներին տարբեր դրվագներով պետական գույքի հափշտակության և անօրինական եկամուտների օրինականացման (փողերի լվացման) համար։ Խոսքը, ընդհանուր առմամբ, մոտ 18 մլն լարիի մասին է։ Մեղադրյալներին սպառնում է 9-ից 12 տարի ազատազրկում։
8 մեղադրյալներից ձերբակալված է 6 անձ։ Փերաձեն և Բիձինաշվիլին հետախուզվում են։ Փերաձեի փաստաբանի պարզաբանմամբ` նա երկիրը լքել է 2025 թվականի սեպտեմբերի 3-ին՝ դեռ այն ժամանակ, երբ նշված քննությունը սկսված չէր, և Փերաձեն չէր կարող կանխատեսել, որ ապագայում իր դեմ քրեական հետապնդում կսկսվի։ Իսկ Բիձինաշվիլին 2022 թվականից մեկնել է արտագնա աշխատանքի։ Փերաձեի և Բիձինաշվիլիի նկատմամբ կալանավորումը սահմանվել է հեռակա կարգով։
