Քննարկվել է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2025 թ. գործունեության մասին հաղորդումը

Ազգային ժողովը հունիսի 18-ին քննարկել է Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2025 թվականի գործունեության մասին հաղորդումը:

Հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը ներկայացրել է 2025 թվականի հանձնաժողովի գործունեության արդյունքները՝ նշելով, որ հաշվետու տարում հանձնաժողովի քննարկմանն է ներկայացվել Ամերիկյան միջազգային զարգացման գործակալության Հայաստանի էներգետիկ անվտանգության ծրագրի եւ Համաշխարհային բանկի մշակած «Էլեկտրաէներգետիկայի մասին» եւ «Վերականգնվող էներգետիկայի» եւ «Էներգախնայողության մասին» օրենքների լրամշակված նախագծերը:

Հաշվետու տարվա ընթացքում լրամշակվել են նաեւ էներգետիկայի բնագավառի կարգավորմանն ուղղված հիմնարար իրավական ակտերը՝ մեծածախ եւ մանրածախ շուկաների առեւտրային կանոնները, հաղորդման եւ բաշխման ցանցային կանոնները, գազամատակարարման համակարգում սակագների հաշվարկման մեթոդիկաները, լիցենզավորման կարգը եւ կարգավորվող ընկերությունների գնումների նկատմամբ պահանջները:

Բանախոսը նշել է, որ էլեկտրաէներգիայի մեծածախ շուկայի ազատականացումից չորս տարի անց արձանագրվել է շոշափելի աճ: «Եթե 2022 թվականին ազատական հատվածի սպառումը կազմել էր ներքին սպառման շուրջ 5,3 տոկոսը, ապա 2023 թվականին՝ 20,1 տոկոս, 2024 թվականին՝ 27,8 տոկոս, իսկ 2025 թվականին այն հասել է արդեն 33,2 տոկոսի: Միայն 2025 թվականին 6-10 կՎ լարման սպառողների շուրջ 474,5 միլիոն կիլովատ ժամ սպառման ծավալ մուտք է գործել ազատական շուկա»,- ընդգծել է Մեսրոպ Մեսրոպյանը:

2025 թվականին վերանայվել են բնական գազի փոխադրման, գազամատակարարման համակարգի օպերատորի ծառայությունների եւ պահեստավորման սակագները, սակայն սպառողներին վաճառվող բնական գազի սակագնի փոփոխության անհրաժեշտություն չի առաջացել: 2025 թվականին վերանայվել են բնական գազի փոխադրման, գազամատակարարման համակարգի օպերատորի ծառայությունների եւ պահեստավորման սակագները, սակայն սպառողներին վաճառվող բնական գազի սակագնի փոփոխության անհրաժեշտություն չի առաջացել: Նույն իրավիճակն է պահպանվել նաեւ էլեկտրաէներգիայի եւ խմելու ջրի ոլորտներում՝ տարվա ընթացքում հոսանքի, գազի եւ ջրի սակագները մնացել են անփոփոխ: Վերականգնվող էներգետիկայի զարգացման ուղղությամբ 2025 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ հանրապետությունում գործել է 191 փոքր հիդրոէլեկտրակայան՝ 403 մեգավատ ընդհանուր հզորությամբ, 20-ը եղել են կառուցման փուլում՝ 38 մեգավատ հզորությամբ: Արեւային էներգետիկայի ոլորտում գործել է 100 արեւային էլեկտրակայան՝ 448 մեգավատ հզորությամբ, եւս 42-ը՝ կառուցման փուլում՝ 183 մեգավատ հզորությամբ: Նշվել է, որ հեռահաղորդակցության ոլորտում նույնպես արձանագրվել է աճ: Շարժական կապի բաժանորդների թիվը 2025 թվականի տարեվերջին կազմել է 4,151,192՝ նախորդ տարվա համեմատ աճելով 66,792-ով: Շարժական լայնաշերտ ինտերնետի բաժանորդների թիվը կազմել է 3,550,621՝ աճելով 8.94 տոկոսով: Հանրապետությունում գործում է ամրակցված կապի 202 լիցենզավորված օպերատոր, որոնցից 170-ը՝ մարզերում, 32-ը՝ Երեւանում: Ամրակցված լայնաշերտ ինտերնետի բաժանորդների թիվը կազմել է 624,985՝ աճելով 3,5 տոկոսով:

2025 թվականի ընթացքում հանձնաժողովը ստացել է 3460 դիմում-բողոք, որոնցից 1906-ը՝ գրավոր, 1554-ը՝ բանավոր:

Հաշվետու տարում հանձնաժողովի բյուջեն կազմել է 1 միլիարդ 191,2 միլիոն դրամ, որից փաստացի ծախսվել է 1 միլիարդ 102,7 միլիոն դրամ, իսկ 88,5 միլիոն դրամը վերադարձվել է պետական բյուջե: Միաժամանակ պետական բյուջե է փոխանցվել շուրջ 10,3 միլիարդ դրամ, որի հիմնական մասը՝ 9,7 միլիարդ դրամ, ձեւավորվել է ռադիոհաճախականությունների օգտագործման եւ թույլտվությունների տրամադրման գծով մուտքերից: Լիցենզիայի տուրքերից մուտքագրվել է 382,3 միլիոն դրամ, իսկ իրավական ակտերի խախտումների համար կարգավորվող անձանց կողմից վճարվել է 227,4 միլիոն դրամ:

Leave a Comment