ՀՀ ԿԲ նախագահի տեղակալ Արմեն Նուրբեկյանի զեկուցմամբ ԱԺ հերթական նիստում քննարկվել է Կենտրոնական բանկի գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդումը:
Արմեն Նուրբեկյանն անդրադարձել է ոլորտի հիմնական ռիսկերին ու զարգացումներին: 2026 թվականի համար մակրոտնտեսական իրավիճակի տեսանկյունից ամենակարեւոր անորոշությունները հիմնականում աշխարհաքաղաքական բնույթի են: ԿԲ նախագահի տեղակալի խոսքով վայրիվերումներ կան նավթի գների հետ կապված, ինչի հետեւանքով ՀՀ-ում գնաճը բարձրացել էր, վերջին ամսում կրկին նվազեց: Այս պահին ունենք բարձր տնտեսական աճ եւ ոչ շատ բարձր գնաճ: Հիմնական ռիսկերը պայմանավորված են համաշխարհային տնտեսությամբ: Զեկուցողի խոսքով նավթի գների շոկը Եվրամիության տնտեսության վրա բավական լուրջ ազդեցություն է ունենալու, նաեւ՝ պահանջարկի վրա, քանի որ շոկի չափը զգալի մեծ է եղել:
Հայաստանի ներքին տնտեսության տեսանկյունից զարգացումները հիմնականում դրական են. պահանջարկի տեսանկյունից առկա է դրական պատկեր: Արձանագրվել է տուրիզմի զգալի աճ, որն առաջացրել է արտարժութային ներհոսք: ԿԲ փոխնախագահը հետագա քայլերի տեսանկյունից կարեւորել է միջազգային շուկաների ուսումնասիրությունը՝ հասկանալու համար տոկոսադրույքների դինամիկան:
Ներքին տնտեսական զարգացումների մասով Արմեն Նուրբեկյանը նշել է, որ գնաճը պետք է լինի ուշադրության կենտրոնում, քանի որ այս պահին այն թիրախից բարձր է: Այս տարվա նորարարության մասով էլ նշվել է, որ հրապարակվել է թափանցիկության զեկույց: