«Արիդես» ՍՊԸ-ն դարձել է Ինժեներական քաղաքի 17-րդ ռեզիդենտը




 


«Ինժեներական քաղաքի» Բարձր տեխնոլոգիական աքսելերատորում տեղի է ունեցել ՀՀ կառավարության որոշմամբ ձևավորված հավաստագրման հանձնաժողովի հերթական նիստը, որը վարել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանը։ 


 


ԲՏԱ նախարարության փոխանցմամբ՝ նիստի ընթացքում քննարկվել է «Արիդես» ՍՊԸ-ի՝ Ինժեներական քաղաքի ռեզիդենտի կարգավիճակ ստանալու հայտը։


 


Ընկերության ներկայացուցիչները հանգամանալից ներկայացրել են կազմակերպության գործունեությունը, արտադրական կարողություններն ու զարգացման ծրագրերը։ «Արիդես»-ը մասնագիտացած է չափիչ սարքավորումների, ալկոթեստերների, վերականգնողական տեխնիկական միջոցների, ինչպես նաև բժշկական սարքավորումների ու պարագաների նախագծման և արտադրության մեջ։ 


 


Հանձնաժողովի անդամները քննարկել են ընկերության գործունեության տեխնոլոգիական ուղղվածությունը, արտադրական ներուժը և Ինժեներական քաղաքի էկոհամակարգում ինտեգրվելու հնարավորությունները։


 


Քննարկման և քվեարկության արդյունքում հավանության է արժանացել «Արիդես» ՍՊԸ-ի հայտը, և ընկերությունը ստացել է Ինժեներական քաղաքի ռեզիդենտի կարգավիճակ՝ դառնալով էկոհամակարգի 17-րդ ռեզիդենտը։


 


Ինժեներական քաղաքի ռեզիդենտների շարքի ընդլայնումը նպաստում է բարձր տեխնոլոգիական և ինժեներական ոլորտների զարգացմանը, արտադրական կարողությունների ամրապնդմանը և տեխնոլոգիական համագործակցության նոր հնարավորությունների ձևավորմանը Հայաստանում։



 


 

Leave a Comment