Եվրոպական դատարանը հրապարակել է Ապրիլյան պատերազմի գործերով առաջին վճիռը

2026 թվականի հունիսի 18-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է «V.T. and Others v. Azerbaijan» (գանգատ թիվ 20075/16) գործով վճիռը։ Գործը վերաբերում էր 2016 թվականի ապրիլյան ռազմական գործողությունների ընթացքում Լեռնային Ղարաբաղի բանակի մայոր Հ.Թ.-ի մահվան հանգամանքներին և նրա ընտանիքի ներկայացրած գանգատին։

Դիմողներն են՝ Հ.Թ.-ի հայրը, մայրը և քույրը։ Նրանք դատարանում պնդել են, որ իրենց հարազատը 2016 թվականի ապրիլի 2-ին ադրբեջանցի զինծառայողների կողմից ենթարկվել է խոշտանգումների և սպանվել ապօրինաբար։ Նրանք նաև բողոքել են, որ Հ.Թ.-ի նկատմամբ կատարված գործողությունների հետևանքով իրենք ենթարկվել են ծանր հոգեկան տառապանքների։

Գործի փաստական հանգամանքները

Դատարանի վճռի համաձայն՝ 2016 թվականի ապրիլի 2-ին Հ.Թ.-ն և նրա վարորդ Հ.Գ.-ն զինամթերք էին տեղափոխում Թալիշ գյուղից հյուսիս գտնվող հրամանատարական կետերից մեկը։ Ըստ գործի նյութերի՝ նրանց մեքենան մոտ մեկ կիլոմետր հեռավորության վրա հայտնվել է ադրբեջանական ուժերի կրակի տակ։ Դեպքի վայրի զննությամբ արձանագրվել է, որ մեքենան բազմաթիվ վնասվածքներ էր ստացել, անվադողերը ծակված էին, իսկ խցիկում հայտնաբերվել էին արյան հետքեր։

Հ.Գ.-ի մարմինը հայտնաբերվել էր նույն օրը։ Ըստ դատաբժշկական եզրակացության՝ նրա գլուխը կտրվել էր մահից հետո, իսկ մահվան պատճառը հրազենային վնասվածքներն էին։

Հ.Թ.-ի վերաբերյալ ներկայացված տվյալների համաձայն՝ նա վիրավորվել էր կրակոցներից։ Քրեական գործի նյութերում առկա հեռահաղորդակցության տվյալներով՝ ապրիլի 2-ին ժամը 11:25-ին նա հաղորդագրություն էր ուղարկել ծառայակցին՝ գրելով. «Ինձ խփել են»։

Հ.Թ.-ի մարմինը հայտնաբերվել էր հաջորդ օրը՝ մեքենայից մոտ 30 մետր հեռավորության վրա։ Ըստ դիմողների՝ նա մեքենայից դուրս էր բերվել և սպանվել ադրբեջանցի զինվորների կողմից։ Նրա գլուխն ու ձեռքերը բացակայում էին։

2016 թվականի մայիսի 5-ին կազմված դատաբժշկական եզրակացության համաձայն՝ Հ.Թ.-ն ստացել էր հրազենային վնասվածքներ, ինչի հետևանքով նա զրկվել էր ինքնուրույն տեղաշարժվելու հնարավորությունից։ Փորձագետը եզրակացրել էր, որ վնասվածքներից հետո սպան կենդանի էր մնացել մոտ կես ժամից մինչև երկու ժամ։ Նշվել էր նաև, որ երկու ձեռքերը կտրվել էին մահվանից անմիջապես առաջ, իսկ մահվան անմիջական պատճառը եղել էր գլխատումը, որը կատարվել էր այն ժամանակ, երբ նա դեռ կենդանի էր։

Գործի նյութերում ներառված էր նաև տեղեկություն այն մասին, որ 2017 թվականին ադրբեջանցի օգտատերերից մեկը սոցիալական ցանցում հրապարակել էր գլխատված գլխի և դաստակի լուսանկար՝ կից գրառմամբ։ Հայաստանի դատական փորձաքննությունների ազգային բյուրոյի իրականացրած ուսումնասիրության արդյունքում եզրակացվել էր, որ լուսանկարում պատկերված անձը Հ.Թ.-ն էր։

Կողմերի դիրքորոշումները

Ադրբեջանի կառավարությունը պնդել է, որ դեպքը տեղի է ունեցել այն տարածքում, որը տվյալ ժամանակահատվածում գտնվել է հայկական ուժերի վերահսկողության ներքո, և որ ադրբեջանական իշխանությունները հնարավորություն չեն ունեցել ստուգելու դիմողների ներկայացրած պնդումները։ Կառավարությունը նաև նշել է, որ իրենք տեղեկացել են դեպքի մասին միայն այն բանից հետո, երբ գործը կոմունիկացվել էր դատարանի կողմից։

Դիմողները, ինչպես նաև երրորդ կողմ ներգրավված Հայաստանի կառավարությունը, պնդել են, որ ադրբեջանական զինծառայողները գտնվել են Թալիշի շրջակայքում և հենց նրանք են իրականացրել Հ.Թ.-ի նկատմամբ գործողությունները։ Այս պնդումների հիմնավորման համար ներկայացվել են պաշտոնական հայտարարություններ, վկաների ցուցմունքներ, դատաբժշկական եզրակացություններ և այլ նյութեր։

Դատարանի գնահատականը

ՄԻԵԴ-ը նախ անդրադարձել է իրավազորության հարցին։ Դատարանը նշել է, որ գործի նյութերը չեն վկայում, թե 2016 թվականի ապրիլի 2-ին տվյալ տարածքի նկատմամբ Ադրբեջանը կամ Հայաստանը իրականացրել են «արդյունավետ վերահսկողություն»։

Միևնույն ժամանակ, դատարանը ուսումնասիրել է, թե արդյոք առկա է եղել «պետական գործակալի իշխանություն և վերահսկողություն (State agent and control)» կոնկրետ անձի նկատմամբ։ Վերլուծելով դատաբժշկական եզրակացությունները, վկաների ցուցմունքները, դեպքի վայրի արձանագրությունները և այլ ապացույցներ՝ դատարանը եզրակացրել է, որ դիմողների ներկայացրած նկարագրությունը հավանական է և էապես համապատասխանում է փաստերին։

Դատարանը նշել է նաև, որ Ադրբեջանի կառավարությունը չի ներկայացրել այլընտրանքային բացատրություն կամ ապացույցներ, որոնք կարող էին կասկածի տակ դնել ներկայացված փաստերը։

Այս հիմքով դատարանը գտել է, որ Հ.Թ.-ն գտնվել է ադրբեջանցի զինվորների վերահսկողության ներքո, հետևաբար դեպքը գտնվում է Ադրբեջանի իրավազորության շրջանակում՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 1-ին հոդվածի իմաստով։

Կյանքի իրավունքի խախտումը

Դատարանը արձանագրել է, որ Հ.Թ.-ն վիրավորված էր, չէր կարող ինքնուրույն շարժվել և չէր կարող պաշտպանվել։ Դատարանի գնահատմամբ՝ ներկայացված նյութերը հաստատում են, որ նա սպանվել է ադրբեջանցի զինծառայողների կողմից այն բանից հետո, երբ արդեն վիրավորվել էր։

Դատարանը նշել է, որ Ադրբեջանի կառավարությունը չի ներկայացրել որևէ հիմնավորում, որը կարող էր արդարացնել ուժի կիրառումը կամ բացատրել մահվան հանգամանքները։

Արդյունքում, ՄԻԵԴ-ը եզրակացրել է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի 2-րդ հոդվածի՝ կյանքի իրավունքի խախտում։

Խոշտանգման վերաբերյալ եզրակացությունը

Դատարանը առանձին քննության է ենթարկել նաև Կոնվենցիայի 3-րդ հոդվածով պաշտպանվող իրավունքների խախտման հարցը։

Որոշմամբ նշվում է, որ Հ.Թ.-ի ձեռքերի անդամահատումը և գլխատումը կատարվել են այն ժամանակ, երբ նա դեռ կենդանի էր։ Դատարանը գտել է, որ նման գործողությունները եղել են առանձնակի դաժանության դրսևորում և հանգեցրել են ծանր ֆիզիկական տառապանքների։

Այս հիմքով ՄԻԵԴ-ը եզրակացրել է, որ Հ.Թ.-ն ենթարկվել է խոշտանգման, և արձանագրել է Կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտում։

Դատարանը գնահատել է նաև դիմողների կրած հոգեկան տառապանքները։

Վճռում նշվում է, որ Հ.Թ.-ի հայրը մասնակցել է մարմնի նույնականացման գործընթացին, ընտանիքը տեղեկացել է մարմնի խեղման հանգամանքների մասին, իսկ բացակայող մարմնի մասերը մինչ օրս չեն վերադարձվել, ինչի հետևանքով հնարավոր չի եղել ամբողջական հուղարկավորություն իրականացնել։

Դատարանը գտել է, որ այդ հանգամանքները դիմողների համար առաջացրել են խորը և շարունակական բարոյական տառապանք, ինչը համարվում է Կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտում նաև նրանց նկատմամբ։

Փոխհատուցումը

ՄԻԵԴ-ը վճռել է, որ Ադրբեջանը պետք է վճարի 60 հազար եվրո՝ Հ.Թ.-ի ծնողներին միասին, 30 հազար եվրո՝ նրա քրոջը, ինչպես նաև ցանկացած հարկ, որ կառաջանա ոչ նյութական վնասի փոխհատուցման համար։ Բացի այդ, դատարանը վճռել է փոխհատուցել 14 210 եվրո դատական ծախսերը։

Վճռով դատարանը ճանաչել է Կոնվենցիայի 2-րդ հոդվածի խախտում, ինչպես նաև 3-րդ հոդվածի խախտում՝ թե՛ Հ.Թ.-ի նկատմամբ կատարված գործողությունների, թե՛ նրա ընտանիքի կրած տառապանքների մասով։ Միաժամանակ դատարանը գտել է, որ անհրաժեշտություն չկա առանձին քննելու 8-րդ, 13-րդ և 14-րդ հոդվածներով ներկայացված բողոքները։

Leave a Comment