Ազգային ժողովը հունիսի 18-ի նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել է Կառավարության հեղինակած մի շարք նախագծեր:
««Տարածական տվյալների մասին» օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը ներկայացրել է ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ Նանե Ղազարյանը:
Զեկուցողի խոսքով առաջինից երկրորդ ընթերցում նախագիծը բովանդակային փոփոխության չի ենթարկվել:
Հիմնական փոփոխությունները՝ այստեղ:
Գլխադասային՝ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը:
ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանի ներկայացմամբ քննարկվել է «Օդային փոխադրումներ իրականացնողների եւ օդանավ շահագործողների համար ուղեւորների, թռիչքային եւ սպասարկող անձնակազմի, ուղեբեռի, բեռի եւ երրորդ անձանց նկատմամբ պատասխանատվության ապահովագրության նվազագույն պահանջների սահմանման մասին» օրենքի նախագիծը:
Առաջին ընթերցմամբ քննարկումը՝ այստեղ:
Հարակից զեկույցում Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը հայտնել է նախագծի վերաբերյալ հանձնաժողովի դրական եզրակացությունը:
Երկրորդ ընթերցմամբ քննարկվել է նաեւ «Ներդրումների մասին» օրենքի նախագիծը: Այն ներկայացրել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Լիլյա Սիրականյանը:
Նրա խոսքով առաջինից երկրորդ ընթերցում կատարվել են մի շարք փոփոխություններ, այդ թվում` բովանդակային: Նախագծում ամրագրվել են տեղական ինքնակառավարման մարմինների եւ պաշտոնատար անձանց ոչ իրավաչափ գործողություններով կամ անգործությամբ ներդրողներին պատճառված վնասի փոխհատուցման մեխանիզմը եւ երաշխիքները: Լրացվել է նոր դրույթ, որով ներդրողներին հնարավորություն է տրվում օգտվելու այլ օրենքներով եւ այլ իրավական ակտերով սահմանված պաշտպանության մեխանիզմների այլ միջոցներից, որպեսզի, ըստ զեկուցողի, միայն այս օրենքով չսահմանափակվի ներդրողների պաշտպանության իրավական շրջանակը:
Գլխադասային՝ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է հանձնաժողովի անդամ Ալեքսանդր Ավետիսյանը:
Հաջորդիվ քննարկվել է «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» եւ հարակից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ նախատեսող օրենսդրական փաթեթը, որը ներկայացրել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արա Մկրտչյանը:
Զեկուցողի տեղեկացմամբ առաջին ընթերցումից հետո օրենսդրական փաթեթի վերաբերյալ պատգամավորներն առաջարկներ չեն ներկայացրել:
Առաջին ընթերցմամբ քննարկումը՝ այստեղ:
Գլխադասային՝ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է հանձնաժողովի նախագահ Վահե Ղալումյանը: Նա կոչ է արել կողմ քվեարկել նախաձեռնությանը: