Շուտով բոլոր ընդդիմադիր ուժերի հետ հանրահավաք կհրավիրենք․ Սամվել Կարապետյան

«Ուժեղ Հայաստանի» վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանը լրատվամիջոցների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ շուտով բոլոր ընդդիմադիր ուժերի հետ հանրահավաք կհրավիրեն։ Նա նշել է, որ ցանկանում է՝ այդ հանրահավաքը կոչեն «Ուժեղ և վստահելի հանրահավաք»։

«Միայն այդ դեպքում մենք կարող ենք մեր ժողովրդի իրական աջակցությունը ստանալ»,-նշել է նա։

***

Ավարտվեցին աշխարհի ամենախայտառակ, ամենաանբարոյական կազմակերպված ընտրությունները, և ընդդիմությունը հերթական անգամ, բայց ժամանակավորապես, կրեց պարտություն, հայկական լրատվամիջոցների խմբագիրների հետ հանդիպմանն ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը։

«Իշխանություններն ամբողջությամբ տապալել են նախընտրական գործընթացները, տապալեցին հաշվարկը»,- ասաց Կարապետյանը։

Նա հատուկ ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ հաշվարկի ժամանակ գործընթացը մի քանի ժամով կանգնեցվել է.

«Դա լուրջ կասկածի տեղիք է տալիս, որ հաշվարկն ամբողջությամբ արել են իրենց օգտին»։

Դրա համար Կարապետյանը հայտարարում է ընդդիմադիր ուժերի համախմբման գործընթացի մասին։

«Հիմա կարևոր է այդ համախմբումը։ Ինձ թվում է՝ այն ընդդիմադիր ուժերը, որոնց համար թանկ է մեր երկիրը, կարձագանքեն, և մենք կստեղծենք հետընտրական ընդդիմադիր կոալիցիա։ Առաջարկում եմ ստեղծել համակարգող խորհուրդ»,- ասել է Կարապետյանը։

Անդրադառնալով պատգամավորական մանդատները վերցնելու կամ չվերցնելու քննարկումներին՝ նա նշել է, որ պետք է հասկանալ, թե որ տարբերակով է հնարավոր ավելի շուտ «հեռացնել Փաշինյանին իր պաշտոնից»։

«Մենք՝ որպես «Ուժեղ Հայաստան» դաշինք, պատրաստ ենք երկու տարբերակին էլ»։

Նրա խոսքով՝ նպատակը մեկն է՝ թույլ չտալ, որ Փաշինյանը միանձնյա կառավարի և ընդունի «Ալիևի բոլոր նարատիվները» և երկրի համար վտանգավոր նոր Սահմանադրություն։

«Վստահ եմ՝ հաղթանակը մոտ է, պետք է անենք ճիշտ քայլեր։ Առաջարկում եմ դիմենք ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Չինաստանի և եվրոպական երկրների ղեկավարներին։ Հուսով եմ, որ այս երկրներից կունենանք արձագանք»,- ասել է Կարապետյանը։

Leave a Comment