Որտեղ տեսնում ենք մի հատ փչացած ծիրան՝ դառնում է թոփ նյուզ. ձեր տանը ծիրան չի՞ փչանում, մեր տանը ծիրան չի՞ փչանում. Փաշինյան

Ես չէի ուզի այդ թեմայի շուրջ լրացուցիչ լարվածություն առաջացնել, որովհետև դա չի նշանակում, որ մեզ ասում են՝ փակել են Ռուսաստանի շուկան, հիմա գնացեք էս մյուս շուկան. հակառակը, սա մեզ համար լավ հնարավորություն է՝ դիվերսիֆիկացնելու մեր քաղաքականությունը։ Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում նշեց Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով «Ֆայնենշլ թայմս»-ի հրապարակած այն նորությանը, որ ԵՄ-ն արտակարգ օգնություն է պատրաստում Հայաստանի համար Ռուսաստան ներմուծումների սահմանափակումները փոխհատուցելու համար։

«Իհարկե, ես շնորհակալ եմ Եվրոպական Միության մեր գործընկերներին այնքան արագ արձագանքելու համար, այդ թվում՝ ֆինանսական աջակցության համար, և կան օրենքներ, որոնցով մենք մեր  բյուջեային հնարավորություններով ավելի հասցեական աջակցություն ենք տրամադրում մեր տնտեսվարողներին։

Խոսքն այսօրվա մասին է, որովհետև ամեն օր աշխատանք է տեղի ունենում, և ամեն օր իրադարձություններ են տեղի ունենում։ Այսօր եթե հետևել եք կառավարության նիստին, էկոնոմիկայի նախարարը նշեց, որ արդեն այն նոր ուղղությունները, որոնցով մենք արտահանումներ իրականացնում ենք, երկրների թիվը տասնյակից անցնում է։ Ընդ որում՝ նրանց մեծ մասը նախկինում զրո արտահանում ենք ունեցել։ Հիմա մենք արդեն ունենք խմբաքանակներ և ոչ միայն ունենք խմբաքանակներ, այլև պայմանագրեր՝ մեծ և երկարաժամկետ խմբաքանակների համար։

Ես չէի չափազանցում, երբ կառավարության նախորդ նիստում ասում էի, որ մեր մեծ խնդիրը լինելու է պայմանագրերը ապահովելը, որպեսզի ապրանքները մենք կարողանանք պայմանագրերին համապատասխան մատակարարել։ Որովհետև այն շուկաները, որոնք բացվել են հիմա, իրենց ակնկալիքը և պահանջարկը շատ ավելի մեծ է, քան մենք նախորդ շրջանում կարողացել ենք ընդհանրապես մատակարարումներ անել։

Մենք պետք է մեր տնտեսվարողներին աջակցենք, որպեսզի նրանք իրենց արտադրանքի ծավալները մեծացնեն, որ կարողանան ոչ միայն կարճաժամկետ խնդիր լուծել, այլ երկարաժամկետում իրենց ներկայությունը ապահովել այդ շուկաներում»,-ասաց Փաշինյանը։

Դիտարկմանը, որ շատ ապրանքներ այսօր փչանում են, քանի որ չեն կարողանում արտահանել, նա ասաց.

«Չկա այդպիսի տնտեսվարող, որի մոտ ոչ մի հատիկ ծիրան նախորդող շրջանում չի փչացել։ Վարդ էլ է փչանում, ծիրան էլ է փչանում, դեղձ էլ է փչանում. դա արտադրական պրոցեսի անբաժանելի մաս է։ Ուրիշ բան, որ որտեղ տեսնում ենք մի հատ փչացած ծիրան, դա դառնում է թոփ նյուզ։ Այդ ծիրանը տոննաներով նախկինում էլ է փչացել, ոչ մեկ ուշադրություն չի դարձրել դրա վրա։

Ձեր տանը ծիրան չի՞ փչանում, մեր տանը ծիրան չի՞ փչանում։

Անթափոն արտադրանք գոյություն չունի, և տնտեսագետներից ով ստանա անթափոն արտադրության բանաձևը, կստանա բոլոր նոբելյան մրցանակների նոբելյան մրցանակը»։

Leave a Comment