Այսօր լրագրողները Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեցին՝ հայկական թե ադրբեջանական կողմն է եղել Գրիգորյան-Հաջիև հանդիպման նախաձեռնողը և արդյոք նվաստացուցիչ չէր Ադրբեջանի ներկայացուցչի հետ Հայաստանի ներքաղաքական կյանքը քննարկելը։
Ի պատասխան՝ Փաշինյանը հայտարարեց, որ ինքն է Արմեն Գրիգորյանին հանձնարարել ուսումնասիրել նման հանդիպման անհրաժեշտությունը, քանի որ երկու երկրների փորձագետները որոշակի միտումներ էին տեսել, որոնք կարող էին սրել իրավիճակը։
Փաշինյանը վստահեցրել է, որ որևէ մեկին Հայաստանի ներքաղաքական կյանքի վերաբերյալ բացատրություններ չեն տվել։ Մյուս կողմից, ըստ Փաշինյանի, հենց դրանում է կայանում դիվանագիտական աշխատանքը, երբ կողմերը միմյանց պարզաբանում են իրենց դիրքորոշումները։
Ըստ նրա՝ ճիշտ է, երբ տեղեկատվությունը ստացվում է ոչ թե երրորդ կողմերից կամ լրատվամիջոցներից, այլ առաջին ձեռքից։
Միաժամանակ, Փաշինյանը վստահեցրեց, որ հանդիպմանը քննարկվել են տասնյակ այլ հարցեր, այդ թվում՝ ազատությունից զրկված անձանց և սահմանների կառավարման վերաբերող հարցերը։
«Տարբեր հարևանների հետ քննարկումների տարբեր ձևաչափեր կան։ Ընտրությունների օրը ես հեռախոսազրույց եմ ունեցել Վրաստանի վարչապետի հետ»,- ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ հայկական կողմը ներքաղաքական կյանքը չի քննարկում, այլ կիսվում է տեղեկատվությամբ, և դա ընդունված պրակտիկա է։
«Նվաստացուցիչ» ձևակերպման հետ Փաշինյանը կտրականապես չհամաձայնեց՝ նման գործընթացը համարելով «շփումներ», «դիրքորոշման պարզաբանում» և «դիվանագիտություն»։
Լրագրողների խնդրանքին՝ ներկայացնել հանդիպման մանրամասները, Փաշինյանն ասաց, որ երեկ ԱԺ-ում այդ մասին մանրամասն խոսվել է, և հավելելու ոչինչ չկա։
Ըստ նրա՝ Գրիգորյան-Հաջիջ հանդիպումը կարևոր հանդիպում էր, և կարևոր է, որ այն կայացել է Հայաստանում, այլ ոչ թե տարածաշրջանից դուրս։