Կառավարությունը կխթանի տարեցների և հաշմանդամություն ունեցողների զբաղվածությունը – Նորություններ 18.06.2026

Լուսանկարը` CivilNet.am

Լուսանկարը` CivilNet.am

Հայաստանի կառավարությունը հաստատել է զբաղվածության խթանման նոր ծրագիր, որը միտված է 63 տարեկանից բարձր և հաշմանդամություն ունեցող անձանց աշխատաշուկա ինտեգրելուն։ 2027 թվականից մեկնարկող նախաձեռնությունը հարկային սուբսիդավորում է նախատեսում գործատուների համար։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը գործադիրի հունիսի 18-ի նիստում ներկայացրել է նախագծի մանրամասները։ Ծրագիրը կներառի ֆունկցիոնալության ծանր սահմանափակումներով կամ առաջին և երկրորդ խմբի հաշմանդամություն ունեցող քաղաքացիներին, ինչպես նաև կենսաթոշակային տարիքի անձանց, որոնք պահպանում են մասնագիտական բարձր ներուժ և աշխատելու ցանկություն։

Նախաձեռնության գլխավոր նպատակը խոցելի այս խմբերի մրցունակության բարձրացումն է, նրանց կայուն զբաղվածությամբ ապահովելն ու երկրի սոցիալ-տնտեսական կյանքում ակտիվ ներգրավումը:

Նոր քաղաքականության շրջանակներում պետությունը պատրաստակամ է ֆինանսապես աջակցել այն մասնավոր գործատուներին, որոնք նշված շահառուների հետ կկնքեն առնվազն երեքից վեց ամիս ժամկետով աշխատանքային պայմանագիր՝ թույլատրելով նաև կես դրույքով զբաղվածությունը: Որպես ֆինանսական խթան՝ իշխանություններն առաջարկում են եկամտային հարկի փուլային փոխհատուցում։

Աշխատանքային առաջին երեք ամիսներին կսուբսիդավորվի հարկի 50 տոկոսը, բայց ոչ ավելի, քան 25 հազար դրամը: Հաջորդող երեք ամիսների ընթացքում պետությունը կվերադարձնի հարկն ամբողջությամբ՝ մինչև 50 հազար դրամի սահմանաչափով։

Գերատեսչության ղեկավարը պարզաբանել է, որ ծրագրի մեկնարկը նշանակված է 2027 թվականի հունվարի 1-ին, ինչը պայմանավորված է թվային համակարգերի տեխնիկական նախապատրաստման անհրաժեշտությամբ։ Թորոսյանը նաև հավելել է, որ այս մեխանիզմի դրական արդյունքների և հաջող ընթացքի դեպքում զբաղվածության աջակցության ծրագիրը հետագայում կարող է կիրառվել նաև քաղաքացիների այլ խմբերի նկատմամբ։

Leave a Comment