Այս անգամ ընտրակաշառքի լայն համակարգ է գործել. քաղաքական գնահատականը ես կտամ, իրավականը՝ իրավապահ համակարգը. Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօրվա ճեպազրույցի ընթացքում բացատրեց՝ ինչ նկատի ունի՝ ասելով, որ ջախջախելու է Սամվել Կարապետյանին, Ռոբերտ Քոչարյանին և Գագիկ Ծառուկյանին։

Լրագրողի հարցին՝ արդյոք գործը կարող է հասնել ընդհուպ ֆիզիկական ջախջախման, Փաշինյանը պատասխանեց՝ իր բոլոր նմանօրինակ հայտարարությունները պետք է դիտարկել բացառապես ՀՀ օրենսդրության և Սահմանադրության շրջանակներում։ Միաժամանակ նա խոստովանեց, որ արդեն չի հիշում՝ քանի հոգու է այդպես ջախջախել։

«Ի նկատի ունեմ քաղաքական իմաստով. զրոյացնել ապօրինի քաղաքական ազդեցությունը։ Հայաստանում ընտրակաշառքով քվեարկությունը պետք է բացառվի»,- հայտարարեց Փաշինյանը։

Անդրադառնալով իր՝ նախօրեի այն հայտարարությանը, որ ընդդիմության ընտրողների 70 տոկոսը քվեարկել է կաշառքով և ինչպես նաև հարցին՝ արդյոք պատրաստվում է բանտարկել այդ մարդկանց, Փաշինյանը հիշեցրեց քրեական գործերի մասին։

«Վրդովվեցուցիչ փաստ է, որ 2021 թվականի գործերով մեղադրյալներից ոչ մեկը նստած չէ։ Ես ասում եմ, որ մինչև հաջորդ ընտրությունների արդյունքների ամփոփման օրը նրանք պետք է անցկացնեն բանտում։ Այլապես ստացվում է, որ դատական համակարգը կանաչ լույս է տալիս ընտրակաշառք բաժանողներին»,- ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ անհրաժեշտ է պարզել, թե ինչ հիմքերով են կարճվել այդ գործերը։

Հարցին՝ արդյոք կարծում է, որ երկրում իրենից դժգոհ քաղաքացիներ չկան, նա ասաց՝  դժգոհողներն էլ կարող էին գումարով քվեարկած լինել։

Ըստ վարչապետի՝ այս անգամ ընտրակաշառքի լայն համակարգ է գործել, քանի որ նախորդ ընտրություններին ընտրողներին կաշառած անձինք այդպես էլ չեն պատժվել։

«Գնահատական տալ է պետք։ Քաղաքական գնահատականը ես կտամ, իսկ իրավականը թող տա իրավապահ համակարգը։ Բայց ակնհայտ է, որ այդտեղ ունենք դատաիրավական համակարգի ճգնաժամ»,- հայտարարեց Փաշինյանը՝ չբացառելով կոնկրետ անձանց անհատական պատասխանատվությունը։

Ինչ վերաբերում Ադրբեջանում «Արևմտյան Ադրբեջանի» թեմայի շուրջ շարունակվող քննարկումներին, Նիկոլ Փաշինյանը թեմայի շրջանակներում մեղադրանքներ հնչեցրեց ընդդիմությանը հասցեին։ Նրա  խոսքով՝ դա հայաստանյան ընդդիմության վարքագծի արձագանքն է, սակայն դա «որևէ կապ չունի իրականության հետ»։

Leave a Comment