ANCA-ն կոչ է արել ԱՄՆ-ին դադարեցնել Թուրքիայի նկատմամբ «լուռ դիվանագիտությունը»

ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը Վաշինգտոնին կոչ է արել դադարեցնել Թուրքիայի «ագրեսիան պարգևատրելու» քաղաքականությունը, հայտնում է Asbarez-ը։

Նա նաև կարևորել է Անկարայի նկատմամբ իրական հետևանքների կիրառումը՝ Կիպրոսի անօրինական օկուպացիայի, ինչպես նաև հայերի, հույների և մյուս քրիստոնյա ժողովուրդների դեմ իրականացված ու մինչ օրս չպատժված ցեղասպանությունների համար։

Համբարյանը նման հայտարարությամբ է հանդես եկել Վաշինգտոնում կայացած PSEKA-ի՝ Կիպրոսի 41-րդ տարեկան համաժողովում։ Նա ընդգծել է հայ-հունական դաշինքի կարևորությունը՝ այն որակելով որպես ուժ, որը կարող է նպաստել Թուրքիայի պատասխանատվության հարցի առաջմղմանը։

«Մենք դա նախկինում արդեն արել ենք՝ արգելափակելով ինքնաթիռների մատակարարումը Թուրքիային, կիրառելով պատժամիջոցներ Անկարայի նկատմամբ, ճանաչելով Հայոց ցեղասպանությունը։ Ժամանակը և պատմության ընթացքը ձեր կողմում են»,- հայտարարել է Համբարյանը։

Համաժողովի ռազմավարական քննարկման ընթացքում, որը նվիրված էր Կիպրոսի՝ որպես ԱՄՆ-ի ռազմավարական գործընկերոջ դերին, Համբարյանը հայտարարել է, որ «հայկական սրտին ավելի մոտ համայնք չկա, քան հունական համայնքը»։ Նա նշել է, որ Կիպրոսի հարցը հայ համայնքի համար արդարության, ազատության, վերամիավորման և թուրքական օկուպացիայի ավարտի հարց է։

Համբարյանը նաև քննադատել է Վաշինգտոնի մոտեցումը՝ նշելով, որ ԱՄՆ-ն չպետք է հանդես գա որպես «չեզոք դիտորդ» կամ «ազնիվ միջնորդ»։ Նրա խոսքով՝ անհրաժեշտ է, որ ԱՄՆ գործող և ապագա վարչակազմերը հստակ կանգնեն Կիպրոսի և արդարության կողմում։

Համաժողովին մասնակցել են Կիպրոսի էներգետիկայի, առևտրի և արդյունաբերության նախարար Միխալիս Դամիանոսը, Կիպրոսի կառավարության խոսնակ Կոնստանտինոս Լետիմբիոտիսը, ԱՄՆ-ում Կիպրոսի դեսպան Էվանգելոս Սավվան, Հունաստանի դեսպան Անտոնիս Ալեքսանդրիդիսը և այլ պաշտոնյաներ։

«Հիմա է ժամանակը։ Պետք է գործել և գործել կոշտ։ Ազատ ժողովրդի ճակատագիրն է դրված հարցականի տակ»,- նշել է Համբարյանը։

Համաժողովի երկրորդ օրը Կապիտոլիումում հունական ավելի քան 80 համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպել են ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի 25 անդամ և 6 սենատոր։

PSEKA-ն՝ «Արդարություն Կիպրոսին» միջազգային համակարգող կոմիտեն, ԱՄՆ-ում առաջատար հովանավոր կազմակերպությունն է, որն առաջ է մղում ազատ և վերամիավորված Կիպրոսի գաղափարը։ Համաժողովը համաֆինանսավորել են AHEPA-ն, AHI-ն, HABA-ն, Կիպրոս-ԱՄՆ առևտրի պալատը, FCAO-ն, Քիոսի ֆեդերացիան, Հունա-ամերիկյան առաջնորդության խորհուրդը և Ամերիկայի համակիպրոսյան ասոցիացիան։ Այն համակարգել է Manatos & Manatos/Coordinated Effort of Hellenes կազմակերպությունը։

Leave a Comment