Մշտադիտարկում ենք իրավիճակը․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար – armeniatoday.am

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) ներուժը հնարավորություն է տալիս անհրաժեշտության դեպքում չեզոքացնել ցանկացած սպառնալիք․ ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ լրագրողներին ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովը։

«Ուզում եմ վստահեցնել, որ ՀԱՊԿ-ն ունի բավարար հնարավորություններ՝ անհրաժեշտության դեպքում կանխելու հնարավոր սպառնալիքներն ու ռիսկերը»,- ասել է նա։

Մասադիկովը նշել է, որ ՀԱՊԿ-ն ամեն տարի ծրագրավորված կերպով անցկացնում է բոլոր նախատեսված զորավարժությունները։

«Մենք հետևում ենք այն գործընթացներին, որոնք այժմ իրականացնում են արևմտյան երկրները։ Զորավարժություններն անցկացվում են Բելառուսի և Ռուսաստանի սահմանների անմիջական հարևանությամբ։ Մենք մշտադիտարկում ենք իրավիճակը»,- հավելել է նա։

ՀԱՊԿ-ում մասնակցությունը սառեցնելու մասին Հայաստանի վարչապետը հայտարարել էր 2024 թվականի ապրիլի 25-ին։ Կազմակերպության նկատմամբ վերաբերմունքը փոխելու պայման Փաշինյանը նշել էր Բելառուսի դուրս գալը ՀԱՊԿ-ից, ինչպես նաև Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի ներողությունը՝ 2020 թվականի պատերազմի ընթացքում Բաքվին աջակցող խոսքերի համար։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստանի ներկայիս վերաբերմունքը ՀԱՊԿ-ի նկատմամբ կապել էր Երևանի ներքաղաքական խնդիրների հետ և նշել, որ այս հարցում ոչ վերջին դերն է ունեցել Լեռնային Ղարաբաղի թեման։

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հունիսի 10-ին չէր բացառել Հայաստանի հեռացումը ՀԱՊԿ-ից՝ անդամավճարները չվճարելու պատճառով։ Փաշինյանը հունիսի 13-ին խորհրդարանում ասել էր, որ Երևանի հաջորդ «տրամաբանական քայլը» կլինի կազմակերպությունից դուրս գալը։

Leave a Comment