Օրենսդրական փոփոխություններով առաջարկվում է խթանել գնումների համակարգի արդիականացումը

Նախագծերի փաթեթով էական փոփոխություններ են իրականացվում գնումների համակարգում: Այս մասին ասել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը՝ Ազգային ժողովի հերթական նիստում առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելով ««Գնումների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ ««Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը:

Նշվել է, որ  «Գնումների մասին» օրենքը, թեեւ վերջին տարիներին ենթարկվել է փոփոխությունների, սակայն պահպանել է իր սկզբնական կառուցվածքն ու կիրառման տրամաբանությունը: Գործող կարգավորումները բավարար չափով չեն ապահովում գնումների համակարգի զարգացման ներկա փուլին, միջազգային լավագույն փորձին եւ ժամանակակից տեխնոլոգիական հնարավորություններին վերաբերող չափանիշները: Դրա հետեւանքով գնումների գործընթացները չեն ապահովում բավարար արդյունավետություն, բնորոշվում են վարչարարական ծանրաբեռնվածությամբ, սահմանափակ ճկունությամբ եւ հաշվետվողականությամբ, ինչպես նաեւ թափանցիկության ու թվայնացման սահմանափակ մակարդակով:

Վերոնշյալից ելնելով՝ առաջարկվում է օրենսդրական փոփոխություններով խթանել գնումների համակարգի արդիականացումը, վարչարարության պարզեցումն ու արդյունավետության բարձրացումը՝ ձեւավորելով ավելի թափանցիկ, մրցակցային եւ տեխնոլոգիապես զարգացած միջավայր:

Նախաձեռնության վերաբերյալ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի եզրակացությունը դրական էր: Այն ներկայացրել է հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը:

Օրենսդրական նախաձեռնությունը քննարկվել է հունիսի 18-ի ԱԺ նիստում:

Leave a Comment