Ինքնիշխանության հաշվին անորակ ապրանք արտահանելն անտրամաբանական է. վարչապետ

Ինքնիշխանության հաշվին անորակ ապրանք արտահանելն անտրամաբանական է. վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ, մոնիտորինգի համաձայն, Հայաստանի տնտեսությունը ադապտացիայի (հարմարեցման) բավականին լավ տեմպեր է ցույց տալիս։

«Եվ մենք ուզում ենք այս և նմանատիպ ծրագրերով այդ ադապտացիան քաջալերել։ Կառավարությունը շահառուներին ասում է հետևյալը. «Հարգելի՛ տնտեսվարողներ, առաջիկա 6 ամիսների ընթացքում դուք կարող եք չմտահոգվել, գնացե՛ք, հանգիստ ուսումնասիրեք այն նոր շուկաների հնարավորությունները, որ մենք ձեզ համար բացել ենք», – ասել է նա և հավելել, որ սա լավ ու փայլուն հնարավորություն է տնտեսվարողների համար։

Նրա խոսքով՝ կառավարությունը պատրաստ է հասցեական աջակցություն ցուցաբերել բոլոր այն դեպքերում, երբ կարձանագրվի, որ մարդիկ հանդիպել են օբյեկտիվ խոչընդոտի. «Ի՞նչ նկատի ունեմ օբյեկտիվ խոչընդոտ ասելով․ երբ ապրանքը, արտադրանքը համապատասխանում է ստանդարտին, բայց այդ պայմաններում ունի որոշակի խնդիրներ։ Այն ապրանքների դեպքում, որոնք ստանդարտին չեն համապատասխանում, մենք այնտեղ շատ աջակցելու բան չենք տեսնում», ասել է վարչապետը։

Կառավարության ղեկավարը շեշտել է, որ նրանց համար, ովքեր կցանկանան համապատասխանել այդ ստանդարտներին, աջակցության ծրագրերն այսօր էլ բաց են. «Եթե պարզվի, որ կա աջակցության ինչ-որ ծրագիր, որը մենք չենք նախատեսել, դա էլ կընդունենք, բայց, կներեք, անորակ ապրանք արտահանել ինքնիշխանության հաշվին՝ անտրամաբանական է»,- շեշտել է Նիկոլ Փաշինյանը։

Leave a Comment