Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանը մերժել է «Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դիմումի հիման վրա՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը։ Iravaban.net-ը տեղեկանում է Սահմանադրական դատարանից։
Դիմումը Սահմանադրական դատարան էր ներկայացվել Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի կողմից՝ թիվ Ն քրեական գործի շրջանակներում։ Գործով հիմնական դատալսումների ընթացքում մեղադրյալ Ա. Հարությունյանը մահացել էր, ինչից հետո դատարանը քննարկել էր նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու հարցը։
Դատարանի ներկայացրած դիրքորոշման համաձայն՝ գործող օրենսդրությունը թույլ է տալիս որոշ դեպքերում մահացած անձի նկատմամբ շարունակել քրեական հետապնդումը, եթե դրա դեմ առարկում է մահացածի օրինական ներկայացուցիչը։ Դիմող դատարանը կասկածի տակ էր դրել այս կարգավորման սահմանադրականությունը՝ նշելով, որ մահացած անձի նկատմամբ վարույթի շարունակման պայմաններում անհնար է լիարժեք ապահովել արդար դատաքննության հիմնարար երաշխիքները, այդ թվում՝ պաշտպանության իրավունքը, անմեղության կանխավարկածը, լսված լինելու իրավունքը և դատավարական հավասարությունը։
Դիմող դատարանը, հղում կատարելով ինչպես Մարդու իրավունքների եվրոպական դատարանի «Մագնիտսկին և այլք ընդդեմ Ռուսաստանի» գործով վճռին, այնպես էլ Սահմանադրական դատարանի նախորդ որոշումներին, պնդել էր, որ մեղադրյալի մահվան դեպքում քրեական հետապնդումը պետք է դադարեցվի ռեաբիլիտացնող հիմքով, քանի որ մահացած անձն այլևս չի կարող իրականացնել իր պաշտպանական իրավունքները։
Սակայն Սահմանադրական դատարանը եզրակացրել է, որ դիմող դատարանը բավարար չափով չի հիմնավորել վիճարկվող նորմերի ենթադրյալ հակասահմանադրականությունը։ Ըստ ՍԴ-ի՝ դատարանները կարող են դիմել Սահմանադրական դատարան միայն այն դեպքում, երբ առկա են վիճարկվող նորմի սահմանադրականության վերաբերյալ հիմնավոր կասկածներ, որոնք պետք է ներկայացվեն մանրամասն իրավական պատճառաբանություններով։
Սահմանադրական դատարանը նշել է, որ դիմումում հիմնականում ներկայացվել են Սահմանադրության դրույթներից, Սահմանադրական դատարանի նախկին որոշումներից և Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի աղբյուրներից կատարված մեջբերումներ, սակայն բացակայում է այնպիսի ամբողջական և համակողմանի իրավական վերլուծությունը, որը կհիմնավորեր «հիմնավոր կասկածի» առկայությունը։
Որոշման մեջ նաև հիշատակվում են Սահմանադրական դատարանի նախկին իրավական դիրքորոշումները, որոնց համաձայն՝ մահացած անձի իրավունքների վերականգնման նպատակով որոշ դեպքերում հնարավոր է շարունակել վարույթը՝ հաշվի առնելով նրա մերձավոր ազգականների կամ օրինական ներկայացուցիչների դիրքորոշումը։
Արդյունքում Սահմանադրական դատարանը, ղեկավարվելով Սահմանադրության 169-րդ հոդվածի և «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի համապատասխան դրույթներով, որոշել է մերժել գործի քննությունը՝ գտնելով, որ դիմող դատարանը տվյալ հարցով Սահմանադրական դատարան դիմելու համար անհրաժեշտ իրավական նախադրյալները բավարար չափով չի հիմնավորել։
Սահմանադրական դատարանի որոշումն ուժի մեջ է մտել օրենքով սահմանված կարգով և ենթակա չէ բողոքարկման։