Ռուսաստան կատարած այցի ընթացքում Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը շեշտել է «3+3» ձևաչափի կարևորությունը տարածաշրջանային կայունության համար՝ ընդգծելով, որ այն հնարավորություն է տալիս խորացնելու համագործակցությունը Թուրքիայի, Ռուսաստանի, Ադրբեջանի, Իրանի, Հայաստանի և Վրաստանի միջև:
Ֆիդանի խոսքով՝ տարածաշրջանի երկրները պետք է հրաժարվեն գերիշխանության ձգտումից և մրցակցությունից՝ առաջնահերթությունը տալով փոխշահավետ համագործակցությանը, ինչը կնպաստի տնտեսական աճին և անվտանգությանը:
«Որպես տարածաշրջանի երկրներ՝ մենք պետք է գիտակցենք, որ պետք է համագործակցությունը գերադասենք մրցակցությունից և գերիշխանության ձգտումից։ Մենք տեսնում ենք, որ Մերձավոր Արևելքում վերջին իրադարձությունների համատեքստում այս փոխըմբռնումը հասնում է որոշակի կետի։ Նույն տեսանկյունից մենք կարող ենք ամրապնդել մեր տնտեսությունները և մեծացնել կայունությունը Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում։ Գերիշխանության ձգտմանը պետք է վերջ դրվի»,- ասել է նա։
Նախարարը, սակայն, չի թաքցրել, որ երկրների միջև առկա փոխադարձ անվստահությունը դեռևս լուրջ խոչընդոտ է այս նպատակների իրագործման համար:
Անդրադառնալով լոգիստիկ հնարավորություններին՝ Ֆիդանը կարևորել է Միջին միջանցքը Թուրքիային միացնելու նախագիծը, որը քննարկվել է Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի հանդիպման ժամանակ: Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի մասին խոսելիս թուրք դիվանագետը նշել է, որ Նիկոլ Փաշինյանի կառավարությունն արդեն իսկ կարևոր քայլեր է ձեռնարկել, իսկ Թուրքիան՝ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կամքով, իրականացրել է ուղիղ առևտրի և օդային հաղորդակցության վերականգնմանն ուղղված քայլեր:
Ամփոփելով՝ Ֆիդանը հավաստիացրել է, որ Անկարան պատրաստ է շարունակել հարաբերությունների լիարժեք կարգավորման գործընթացը, երբ առկա լինեն դրա համար անհրաժեշտ պայմանները:
