Ադրբեջանը հնարավոր է ռուսական գազ մատակարարի Հայաստանին. ԶԼՄ – armeniatoday.am

Ռուսական գազի հնարավոր թանկացման դեպքում Ադրբեջանը խոստացել է այլընտրանքային գազ մատակարարել Հայաստանին, գրել է «Հրապարակ» օրաթերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Ըստ հրապարակման՝ ադրբեջանական կողմը մտադիր է Ռուսաստանից գնված գազը համեմատաբար էժան գնով տրամադրել Հայաստանին՝ ինքնուրույն սուբսիդավորելով արժեքի մի մասը։

Թերթի աղբյուրը հավելում է, որ ՌԴ իշխանությունները բացասաբար են վերաբերվում նման տրանզիտային գործարքին, և այս համատեքստում լարվածություն է առաջացել նաև ռուս-ադրբեջանական հարաբերություններում:

Գազի գնի վերաբերյալ քննարկումները սկսվել էին ապրիլի սկզբից, երբ Մոսկվայում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ ռուսական գազը Հայաստան է արտահանվում համեմատաբար մատչելի գնով` «1000 խորանարդ մետրի դիմաց 177,5 դոլարով»։

Հայկական ԶԼՄ-երն ավելի ուշ գրեցին, որ կառավարությունը «Գազպրոմ Արմենիայից» տեղեկություն է ստացել, որ առաջիկայում գազի գինը վերանայվելու է, ՀԾԿՀ-ն անմիջապես հերքել էր այդ տեղեկությունը։ 

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մայիսի 28-ին հայտնել էր, որ Մոսկվան գրավոր զգուշացրել է Երևանին՝ Հայաստանի՝ ԵՄ-ին անդամակցելու դեպքում գազի, նավթամթերքի և ալմաստի վերաբերյալ համաձայնագրերի խզման ռիսկերի մասին։ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյան ի պատասխան նշել էր, որ Երևանն ի գիտություն է ընդունել Մոսկվայի նամակը։

Այս հայտարարությունների ֆոնին վարչապետ Նիկոլ Փաշինյանը սկսել է խոսել Հայաստանի՝ գազի տարանցիկ երկիր դառնալու մասին, ինչի հաշվին ունենալու է սեփական գազը, ի պատասխան ՌԴ փոխվարչապետ Օվերչուկը զգուշացրել է Հայաստանի գազի գնի շուրջ սպասվող «ծանր իրավիճակի մասին»։

Leave a Comment