Կառավարությունը խորհրդարանի քննարկմանն է ներկայացրել ծավալուն բարեփոխումներով օրենսդրական նախաձեռնություն՝ առանցքային փոփոխություններով: Առաջարկվում է բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարման ճկուն համակարգի ներդնում: «Բնության պահպանության միջազգային միության» (IUCN) կողմից սահմանված բնության հատուկ պահպանվող տարածքների 5-րդ (պահպանվող լանդշաֆտ) կատեգորիայի ստեղծմամբ՝ համապատասխանեցնելով օրենքը միջազգային չափանիշներին:
ՀՀ ԱԺ հունիսի 17-ի նիստում առաջին ընթերցմամբ քննարկվել է ««Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը:
ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մկրտչյանի ներկայացմամբ առաջարկվում է բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարման գործընթացում տեղական ինքնակառավարման մարմինների ներգրավումը: Սահմանվել է բնության հուշարձանների եւ հարակից տարածքների ներդրումային միջավայրի բարելավման հստակ գործիքակազմ, որով մրցութային ընթացակարգով հնարավորություն է ընձեռվելու ե՛ւ համայնքներին, ե՛ւ իրավաբանական անձանց՝ իրականացնելու բնության հուշարձանների կառավարումը: Սահմանվել է, որ բնության հատուկ պահպանվող տարածքները կառուցապատման իրավունքով կտրամադրվեն բացառապես ներդրումային ծրագրերի իրականացման նպատակով:
Օրենքների նախագծերի փաթեթի ընդունմամբ կապահովվի նաեւ բուսաբանական այգիների, դենդրոպարկերի եւ անտառպարկերի ստեղծման, կառավարման եւ կանոնադրական կարգավորման իրավական հիմքերի հստակեցումը, ինչը կնպաստի դրանց պահպանության, օգտագործման եւ գործառնական կառավարման առավել միասնական եւ կանխատեսելի համակարգի ձեւավորմանը:
Գլխադասային՝ Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը նախագծերի փաթեթի վերաբերյալ ներկայացրել է հանձնաժողովի նախագահ Վահե Ղալումյանը՝ կոչ անելով կողմ քվեարկել: