«Արև Արենա» համերգասրահի բացման արարողությանը երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հանդես է եկել ելույթով․
«Այսօր իսկապես առանձնահատուկ օր է Երևանի մշակութային կյանքում։ Ոչ միայն ամփոփում ենք Երևանի երաժշտական և արվեստի դպրոցների 17-րդ մրցույթ-փառատոնի արդյունքները, այլև հայտարարում եմ «Արև Արենա» համերգասրահի բացման մասին։ Սա տարածք է, որտեղ մարդիկ կարող են հավաքվել, ոգեշնչվել և միասին ստեղծել նոր հիշողություններ։ Այն ստեղծվել է նաև երեխաների և երիտասարդության ստեղծագործական ներուժը բացահայտելու ու զարգացնելու համար։
Երևանում երաժշտական բնագավառում քաղաքականության ուղղությամբ աշխատանքները ներառում են՝ երաժշտական և արվեստի դպրոցներն այս տարի համալրվելու են նոր ռոյալներով. տարիներ անց մեր երաժշտական դպրոցներում օգտագործվելու են միայն ժամանակի պահանջներին համապատասխանող գույք և երաժշտական գործիքներ:
Ամբողջովին վերազինում ենք դպրոցների սոլֆեջոյի և երաժշտական գրականության առարկաների դասասենյակները: Մեծ աշխատանք է տարվում ուսումնական գրականության հրատարակման ուղղությամբ։
Գիտեք, որ Երևանի քաղաքապետարանի պատվերով բեմադրվել է «Սասունցի Դավիթ» բալետ-օրատորիան։ Այն, թերևս, վերջին տասնամյակների մեր մշակութային կյանքի մեծագույն ձեռքբերումներից է:
Եվ այդ հրաշալի նախագիծն իրենց մասնակցությամբ զարդարեցին մեր երեխաները՝ երաժշտական և արվեստի դպրոցների շուրջ 400 աշակերտներից բաղկացած հավաքական երգչախումբը: Հայերենով և անգլերենով հրատարակվել է նաև ստեղծագործության պարտիտուրը»։
