Մերձավոր Արևելքի հակամարտությունն էականորեն չի ազդել Հայաստանի տնտեսական ակտիվության վրա. ՀԲ

Մինչ օրս Մերձավոր Արևելքի հակամարտությունը որևէ էական նկատելի ազդեցություն չի ունեցել Հայաստանի տնտեսական ակտիվության վրա

Մերձավոր Արևելքի հակամարտությունն էականորեն չի ազդել Հայաստանի տնտեսական ակտիվության վրա. ՀԲ


ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի․/ԱՌԿԱ/․ Մինչ օրս Մերձավոր Արևելքի հակամարտությունը որևէ էական նկատելի ազդեցություն չի ունեցել Հայաստանի տնտեսական ակտիվության վրա, ասվում է Համաշխարհային բանկի «Armenia Monthly Economic Update – June 2026» զեկույցում։


«Տնտեսական ակտիվությունը 2026 թվականի հունվար-ապրիլին աճել է 6,9%-ով (տ/տ)՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 4,7%-ի (տ/տ) համեմատ՝ պահպանելով աճի դրական դինամիկան։ Հատկանշական է, որ ի պատասխան պարարտանյութերի գների աճի՝ կառավարությունը ներդրել է պարարտանյութերի սուբսիդավորման 900 մլն դրամի ծրագիր՝ հայրենական ֆերմերներին աջակցելու համար», – ասվում է հետազոտության մեջ։


ՀԲ վերլուծաբանները նշում են, որ ապրիլին տնտեսական ակտիվության 7,1% աճը՝ մարտի 6,6%-ի համեմատ, շարունակել է պահպանվել շինարարության ոլորտի բարձր ակտիվության հաշվին, որն աճել է 24,7%-ով, ինչպես նաև հանքարդյունաբերության հաշվին, որը ցույց է տվել 31,8% աճ։


«Հանքարդյունաբերության ոլորտը շարունակել է վստահ ընդլայնումը՝ հիմնվելով 2025 թվականի վերջին սկսված վերականգնման վրա՝ ոլորտային նախկին մարտահրավերներից ու անկումից հետո, ինչպես նաև պղնձի գների աճի շնորհիվ։ Մշակող արդյունաբերությունն աճել է 7,1%-ով՝ նախորդ ամսվա 1,3% թույլ աճից հետո։ Ծառայությունների ոլորտը (առանց առևտրի) նույնպես վստահ աճ է արձանագրել՝ 9,1%, մինչդեռ առևտուրը մնացել է նույն մակարդակին», – ասվում է զեկույցում։


 

Leave a Comment