Նախագծով առաջարկվում է փոփոխություն կատարել ՀՀ ընդերքի մասին օրենսգրքի 48-րդ հոդվածի 1-ին մասում` հստակեցնելով, որ իրավաբանական եւ ֆիզիկական անձինք առանց ընդերքօգտագործման իրավունքի ձեւավորման, իրենց սեփական հողամասերի սահմաններում, Կառավարության սահմանած կարգով տեղյակ պահելով լիազոր մարմնին, առանց հորատապայթեցման աշխատանքների կիրառման, կարող են իրականացնել պետական հաշվեկշռում չհաշվառված ոչ մետաղական օգտակար հանածոների արդյունահանման աշխատանքներ:
Ազգային ժողովը հունիսի 17-ի նիստում առաջին ընթերցմամբ քննարկել է «Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Այն ներկայացրել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Ասատուր Վարդանյանը:
Նշվել է, որ նախագծի ընդունմամբ իրավաբանական եւ ֆիզիկական անձինք կկարողանան իրականացնել հետեւյալ աշխատանքները: Բացառապես շահույթ ստանալու նպատակ չհետապնդող՝ սեփական տնտեսական եւ կենցաղային կարիքների բավարարման նպատակով՝ մինչեւ երկու մետր խորությամբ, ինչպես նաեւ ստորերկրյա կառույցների շինարարություն՝ մինչեւ հինգ մետր խորությամբ:
Շահույթ ստանալու նպատակով պինդ ոչ մետաղական օգտակար հանածոների արդյունահանում՝ օրացուցային տարվա ընթացքում առավելագույնը 20 խորանարդ մետր ծավալով:
Շահույթ ստանալու նպատակով պինդ ոչ մետաղական օգտակար հանածոների արդյունահանում՝ բազմաբնակարան շենքերի եւ հասարակական շինությունների կառուցման դեպքում՝ օրենքով սահմանված կարգով հաստատված նախագծային փաստաթղթերում նշված խորությամբ:
ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը նախագծի վերաբերյալ ներկայացրել է հանձնաժողովի նախագահ Վահե Ղալումյանը: