Փաշինյան Նիկոլի «հրապարակներ դուրս գալու» կոչերը տրամաբանական են միայն առաջին հայացքից

«Ձայները կեղծվել են ու տանը վեր ընկա՞ծ եք, ձայները կեղծվել են, հաջորդ օրը օդանավակայանում եք հայտնվո՞ւմ»,-ասում է Փաշինյան Նիկոլը:

Վերջինս ավելացնում է` «Մենք ընդդիմադիր չենք եղե՞լ, ձայները որ կեղծված են եղել, հաջորդ օրը չամադաններով օդանավակայանում ենք եղե՞լ։ Ում ձայնը կեղծված ա, դուրս եկեք հրապարակներ․․․»:

Եթե Փաշինյան Նիկոլի խոսքից հանենք նորմալ մարդու ուղեղի համար անընդունելի արտահայտությունները և թողնենք միայն միտքը, ապա պետք է փաստենք, որ այն ունի տրամաբանություն: Նորանկախ Հայաստանի պատմության մեջ 2026 թվականի ընտրությունները միակն են, որոնց չեն հաջորդել հետընտրական զարգացումներ` հանրավաքների կամ զանգվածային այլ միջոցառումների տեսքով:

Սակայն, սա միայն առաջին հայացքից: Իրականում` Փաշինյան Նիկոլը խորամանկում է: Նորանկախ Հայաստանի պատմության մեջ չի եղել գեթ մեկ ընտրություն, երբ հիմնական ընդդիմադիր ուժերի լիդերների նկատմամբ ընտրությունների նախօրեին իրականացվեն իրավական հարկադրանքի միջոցներ` կալանավորում, ձերբակալություն, վարչական հսկողություն և այլն: Այսինքն՝ պայմանական ընդդիմությունը հետընտրական փուլ մտավ առանց լիդերների: Եվ այս պայմաններում մեղադրել պայմանական ընդդիմությանը «փողոց դուրս չգալու համար» առնվազն կեղծավորում է:

Դրանից բացի` Փաշինյան Նիկոլը պետք է լավ իմանա, որ ժամանակակից աշխարհում «փողոցը» կարող է հաջողությամբ փոխարինվել, օրինակ` համացանցով, արտաքին քաղաքական ճնշմամբ, պատժամիջոցներով և օրենքով չարգելված այլ քաղաքական միջոցառումներով: Այնպես որ, Փաշինյան Նիկոլի «հրապարակներ դուրս գալու» կոչերը տրամաբանական են միայն առաջին հայացքից: Իրականում դրանք հերթական ձեռնածության (մանիպուլյացիայի) արգասիք են:

Կարեն Հեքիմյան, «Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ նախագահ 

Leave a Comment