Առաջարկվող փոփոխությունները մշակվել են գործող իրավակարգավորումների կիրառման ընթացքում ի հայտ եկած խնդիրների, Երեւանի քաղաքապետարանի եւ պետական մարմինների գործնական փորձի, ինչպես նաեւ միջազգային լավագույն փորձի ուսումնասիրության հիման վրա: Դրանց հիմնական նպատակը Երեւանում տեղական ինքնակառավարման արդյունավետության բարձրացումն է, համայնքային իշխանություններին ժամանակակից եւ արդյունավետ գործիքների տրամադրումը, ինչպես նաեւ բնակիչներին մատուցվող ծառայությունների որակի բարելավումը: Այս մասին ԱԺ հերթական նիստի ընթացքում ասել է Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Առնակ Ավետիսյանը՝ առաջին ընթերցմամբ ներկայացնելով ««Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ կից ներկայացված նախագծերի փաթեթը:
Ըստ գերատեսչության ներկայացուցչի՝ նախագծով առաջարկվում է էապես ընդլայնել համայնքի հնարավորությունները՝ քաղաքային միջավայրի կառավարման ոլորտում:
«Մասնավորապես, նախատեսվում են նոր լիազորություններ շենքերի արտաքին տեսքի պահպանության, դրանց ճակատային հատվածի եւ տանիքների օգտագործման կանոնակարգման, ինչպես նաեւ պատմամշակութային արժեք ներկայացնող շենքերի պատշաճ պահպանության ապահովման ուղղությամբ»,- նշել է ՏԿԵ նախարարի տեղակալը՝ հավելելով, որ նշված փոփոխությունները միտված են քաղաքի արտաքին տեսքի բարելավմանը եւ քաղաքաշինական կարգապահության ամրապնդմանը:
Կարգավորումների համաձայն՝ առանձնակի կարեւորություն ունեն ինքնակամ շինարարության կանխարգելման եւ դրանց հետեւանքների վերացմանն ուղղված կարգավորումները:
«Հստակեցվում եւ պարզեցվում են ինքնակամ կառույցների քանդման եւ նախկին վիճակի վերականգնման ընթացակարգերը, ինչպես նաեւ ստեղծվում են լրացուցիչ իրավական մեխանիզմներ ապօրինի շինարարության դեմ առավել արդյունավետ պայքար իրականացնելու համար»,- զեկուցել է Առնակ Ավետիսյանը:
Փաթեթով կարգավորվում են նաեւ մինչ այժմ ամբողջությամբ կամ բավարար չափով չկարգավորված մի շարք հարաբերություններ, դրանց թվում են՝ ավտոմատ ինքնասապարկող սարքերի կիրառման կանոնակարգումը, ընդլայնվում են համայնքի հնարավորությունները վարչական իրավախախտումների կանխարգելման եւ վերացման ուղղությամբ, լրացուցիչ գործիքներ են տրամադրվում ապօրինի շինարարության կանխարգելման ուղղությամբ եւ կատարելագործվում են վարչական վարույթների իրականացման ընթացակարգերը:
Անդրադառնալով օրենսդրական փաթեթում տեղ գտած նորամուծություններին՝ գերատեսչության ղեկավարը հայտնել է, որ կարեւոր նորամուծություններ կտրվեն նաեւ ավագանուն՝ լիազորությունների տրամադրման այնպիսի կարգավորումներ մշակելու հարցում, ինչպիսիք են կենդանիների պահման, աղմուկի եւ փոշու սահմանափակման, հեծանիվների, ինքնագլորների շահագործման, արգելափակոցների տեղադրման եւ այլ ոլորտներում:
Կսահմանվի նաեւ մեկ այլ կարեւոր կարգավորում՝ վթարի դեպքում ճանապարհը հնարավոր կլինի փակել առավելագույնը 15 րոպեով: Կներդրվեն Երեւանի համար ֆինանսավորմամբ պարտատոմսերի թողարկման լրացուցիչ ճկուն կարգավորումներ, ինչպես նաեւ կնախատեսվի պետական գույքի գույքահարկով հարկման դրույք:
«Ներկայացվածն առաջարկվող փոփոխությունների միայն մի մասն է: Փաթեթով փոփոխություններ են նախատեսվում շուրջ 24 օրենքներում, որոնք վերաբերում են ՏԻՄ գործունեության գրեթե բոլոր բնագավառներին՝ այդպիսով հանդիսանալով ՏԻՄ ոլորոտում մինչ օրս իրականացված ամենալայնածավալ բարեփոխումներից մեկը»,- հայտնել է Առնակ Ավետիսյանը՝ ընդգծելով, որ նախագիծը պարունակում է մի շարք կարգավորումներ եւ մոտեցումներ, որոնք հետագայում կարող են հիմք հանդիսանալ նաեւ ՏԻՄ ոլորտի համապետական օրենսդրության կատարելագործման համար:
Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է հանձնաժողովի անդամ Միքայել Թումասյանը:
Հանձնաժողովի կողմից արված որոշ առաջարկներ եւ դիտարկումներ նախագծերի փաթեթում տեղ կգտնեն առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում: