Իրանի արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբբաս Արաղչին և Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Իսլամաբադի փոխըմբռնման հուշագրի մանրամասները, ինչպես նաև տարածաշրջանային և երկկողմ հարաբերությունների օրակարգը։
Իրանի ԱԳ նախարարը, ներկայացնելով համաձայնագրի դրույթները, շեշտել է դրանց բարեխիղճ կատարման հարցում Միացյալ Նահանգների պատասխանատվությունը՝ միաժամանակ ընդգծելով Լիբանանի դեմ Իսրայելի ագրեսիայի լիակատար դադարեցման հրատապությունը։
Իր հերթին Սերգեյ Լավրովը ողջունել է փոխըմբռնման հուշագրի տեքստի վերջնական տեսքի համաձայնեցումը՝ հայտնելով Ռուսաստանի լիակատար աջակցությունը դրա իրականացմանը։
Երկու երկրների արտաքին գործերի նախարարները նշել են, որ այս համաձայնագիրն ունի միջազգային հանրության և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի աջակցության կարիքը։ Նրանք ընդգծել են նաև տարածաշրջանի երկրների միջև դիվանագիտական համագործակցության շարունակականության կարևորությունը՝ ուղղված երկարատև խաղաղության և կայունության հաստատմանը։ Կողմերը համաձայնության են եկել նաև շարունակել աշխատանքները երկկողմ հարաբերությունների օրակարգի հարցերի շուրջ։
