ՀՀ-ից մատակարարումների սահմանափակումները քաղաքական ենթատեքստ չունեն. Ռոսսելխոզնադզոր

Հայաստանից որոշ սննդամթերքների մատակարարման սահմանափակումները կապված են բացառապես հայտնաբերված խախտումների հետ, և դրանց պատճառները քաղաքական դաշտում չեն, «Российская газета»-ին տված հարցազրույցում հայտարարել է Ռոսսելխոզնադզորի ղեկավար Սերգեյ Դանկվերտը:

«Ես չեմ տեսել որևէ նախագահի, որն ասի, թե սահմանափակումները քաղաքականացված չեն: Բայց տվյալ դեպքում խոսքը լիովին այլ բանի մասին է: Մենք ունենք ձեռնարկությունների հետ աշխատանքի բազմամյա պատմություն, լաբորատոր հետազոտությունների արդյունքներ, մատակարարումների և հայտնաբերված խախտումների վերաբերյալ տվյալներ»,- նշել է նա:

Գերատեսչության ղեկավարի պարզաբանմամբ՝ Հայաստանի խնդիրն արտադրության և վերահսկողության կազմակերպումն է: Մասնավորապես, նրա խոսքով երկրում գործում են մեծ թվով մանր ֆերմերներ, սակայն արտադրության և բեռնման միջև փաստացի բացակայում է ներքին վերահսկողության և կոոպերացիայի համակարգը:

«Հազարավոր կապ կանաչի հավաքվում է մեկ մեքենայի մեջ, ինչից հետո վերահսկող մարմինները պետք է ստուգեն արտադրանքի հսկայական ծավալներ: Ֆիզիկապես դա անհնար է»,- հավելել է նա։

Դանկվերտը ընդգծել է, որ ստուգումը պետք է իրականացվի անմիջապես արտադրության փուլում, ինչի համար անհրաժեշտ են կոոպերացիա, արտադրական վերահսկողություն և արտադրողների միավորումների պատասխանատվություն:

«Հենց սա է այսօր պակասում: Ուստի սահմանափակումների պատճառները արտադրանքի որակի և անվտանգության տիրույթում են, այլ ոչ թե քաղաքականության»,- եզրափակել է նա:

Ռոսսելխոզնադզորի ղեկավարի խիսքով, Գերատեսչությունը վարում է յուրաքանչյուր օտարերկրյա ձեռնարկության վերջին 15–18 տարիների «պատմությունը», և սահմանափակումները ներդրվում են կուտակված տվյալների հիման վրա։

 

Leave a Comment