Հակակոռուպցիոն քաղաքացիական դատարանում շարունակվել է ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության հայցով ընդդեմ Տարոն Անդրանիկի Մարգարյանի և մյուսների՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով դատական քննությունը։
Iravaban.net-ի փոխանցմամբ՝ հերթական դատական նիստում քննարկման հիմնական առարկաներից էին գործով նշանակված դատաշինարարատեխնիկական փորձաքննության եզրակացությունը, դրանում կիրառված մեթոդաբանությունը, ինչպես նաև գնահատման համար օգտագործված փաստաթղթերի շրջանակը։
Նիստի ընթացքում պատասխանող կողմի ներկայացուցիչը շարունակեց հարցադրումներ ուղղել փորձագետին՝ անդրադառնալով այն հանգամանքին, թե ինչ տվյալների հիման վրա է կատարվել անշարժ գույքերի արժեքի գնահատումը։ Պաշտպանության կողմը մասնավորապես հետաքրքրվեց, թե փորձագիտական ուսումնասիրության ընթացքում արդյոք օգտագործվել են տվյալ ժամանակահատվածում նույն կամ համանման տարածքներում կատարված առուվաճառքների վերաբերյալ տեղեկություններ, ինչպես նաև ինչ սկզբունքներով են ընտրվել համեմատական տվյալները։
Փորձագետը դատարանին ներկայացրեց, որ գնահատումն իրականացվել է գործով տրամադրված նյութերի, կադաստրային տվյալների, ինչպես նաև համապատասխան ժամանակահատվածներում անշարժ գույքի շուկայական արժեքների վերաբերյալ առկա տեղեկատվության հիման վրա։ Նրա խոսքով՝ եզրակացությունը կազմելիս կիրառվել են մասնագիտական ընդունված մեթոդներ, որոնք հնարավորություն են տվել վերականգնել գնահատման ենթակա գույքերի հնարավոր շուկայական արժեքը տվյալ ժամանակահատվածում։
Քննարկման ընթացքում պատասխանող կողմը կասկածի տակ դրեց եզրակացության որոշ հատվածների հիմնավորվածությունը՝ նշելով, որ փորձաքննության հիմքում դրված տվյալներից մի քանիսը չեն վերաբերում անմիջապես վիճարկվող գույքերին կամ կարող են չարտացոլել տվյալ ժամանակաշրջանի շուկայական իրական իրավիճակը։ Պաշտպանության ներկայացուցիչը նաև ընդգծեց, որ գնահատման արդյունքների վրա կարող են ազդեցություն ունենալ գույքի տեղակայման առանձնահատկությունները, կառուցապատման վիճակը և այլ գործոններ, որոնք, ըստ նրա, բավարար չափով հաշվի չեն առնվել։
Ի պատասխան՝ հայցվորի ներկայացուցիչ Արևիկ Ավոյանը նշեց, որ փորձաքննությունն իրականացվել է դատարանի որոշման հիման վրա և կազմվել է մասնագիտական գիտելիքների կիրառմամբ։ Դատախազության ներկայացուցիչը շեշտեց, որ եզրակացության արժանահավատության և ապացուցողական նշանակության հարցը ենթակա է գնահատման դատարանի կողմից՝ գործով հետազոտված մյուս ապացույցների համակցությամբ։
Նիստի ընթացքում կողմերի միջև ծավալվեց քննարկում նաև այն հարցի շուրջ, թե արդյոք փորձագետը գնահատման ժամանակ ունեցել է բավարար տեղեկատվություն յուրաքանչյուր գույքի վերաբերյալ։ Այս համատեքստում ուսումնասիրվեցին փորձագետին տրամադրված նյութերի ծավալն ու բովանդակությունը, ինչպես նաև դրանց համապատասխանությունը փորձաքննության առարկային։
Դատավոր Կարապետ Բադալյանը մի քանի անգամ հստակեցնող հարցեր ուղղեց փորձագետին՝ պարզելու, թե ինչ փաստաթղթեր և տեղեկատվական աղբյուրներ են օգտագործվել եզրակացության կազմման ընթացքում, ինչպես նաև ինչ սահմանափակումներ են առկա եղել ուսումնասիրության շրջանակում։ Փորձագետը նշեց, որ գործով առկա որոշ տվյալների բացակայությունը կարող էր ազդել գնահատման ճշգրտության աստիճանի վրա, սակայն, ըստ նրա, դա չի խոչընդոտել մասնագիտական եզրակացություն ներկայացնելուն։
Արդյունքում դատարանը որոշեց հետաձգել գործի քննությունը՝ հաջորդ դատական նիստերը նշանակելով 2026 թվականի հունիսի 17-ին՝ ժամը 10:00-ին։
Մանրամասները՝ տեսանյութում։