Iravaban.net-ը ուսումնասիրել է e-draft.am հարթակում հանրային քննարկման ներկայացված նախագիծը, որով առաջարկվում է անասնաբուժական դեղատնային գործունեությունը սահմանել որպես լիցենզավորման ենթակա ոլորտ՝ նպատակ ունենալով կարգավորել անասնաբուժական դեղերի շրջանառությունը, պահպանման և վաճառքի պայմանները, ինչպես նաև ուժեղացնել ոլորտի պետական վերահսկողությունը։
Նախագծով նախատեսվում է սահմանել նաև դեղատների նկատմամբ գույքային, մասնագիտական և կազմակերպական պահանջներ, ինչպես նաև ապահովել անասնաբուժական դեղամիջոցների անվտանգ և վերահսկելի շրջանառություն։
Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Սույն նախագծի ընդունման անհրաժեշտությունը բխում է ներկայումս անասնաբուժական դեղատնային գործունեության իրականացման իրավական ակտի բացակայությամբ, որն առաջացնում է դժգոհություններ անասնապահությամբ զբաղվող տնտեսավարողների շրջանում, ինչպես նաև խնդիրներ են առաջացել անասնաբուժական դեղատնային գործունեությամբ զբաղվող իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի համար։
Նախագծով առաջարկվում է կարգավորել անասնաբուժական դեղատնային գործունեությունը՝ սահմանելով այն որպես լիցենզավորման ենթակա գործունեության տեսակ, քանի որ անասնաբուժական դեղատներում վաճառվող դեղամիջոցները, մասնավորապես պատվաստանյութերը հիմնականում իրենցից ներկայացնում են կենդանի թուլացված շտամներով պատրաստուկներ։ Անասնաբուժական դեղամիջոցների պահանման, իրացման կամ վաճառքի համար առանձնահատուկ պայմանների և պահանջների անհրաժեշտությունը պայմանավորված է տվյալ դեղամիջոցի արդյունավետության՝ բուժման կամ ախտորոշման կամ կանխարգելման ընթացքում դրական ազդեցության դրսևորմամբ և անվտանգության՝ կենդանու առողջությանը վնաս պատճառելու ռիսկը բացառելու պահանջով։
Այս համատեքստում հարկ է նշել, որ «Անասնաբուժության մասին» օրենքի համաձայն՝ անասնաբուժական դեղամիջոցների արտադրություն, պահպանում, առևտուր կամ իրացում իրականացնող տնտեսավարող սուբյեկտները և կազմակերպությունները հանդիսանում են անասնահամաճարակային նշանակության կամ անասնաբուժական պետական վերահսկման ենթակա օբյեկտներ, իսկ դրանց նկատմամբ վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնին՝ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնին հնարավորություն չի ընձեռնվում պատշաճ իրականացնել օրենքով վերապահված՝ «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» օրենքով սահմանված դրույթի կիրարկումն՝ անասնաբուժական դեղամիջոցների պահպանման, տեղափոխման, իրացման ընթացքում, քանի որ որևէ իրավական ակտով սահմանված պահանջներ և պայմաններ չկան, բացի այդ բացակայում է ստույգ տեղեկատվությունը հանրապետությունում անասնաբուժական դեղատների բաշխվածության և գործունեության վերաբերյալ։
Ընթացիկ իրավիճակը և խնդիրները
Անասնաբուժական դեղամիջոցներն իրացվում են անասնաբուժական դեղատներում և կիրառվում են կենդանիների վարակիչ ու ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման կամ ախտորոշման կամ բուժման, ինչպես նաև արտաքին միջավայրում վարակի վնասազերծման և ոչնչացման համար, սակայն այսօր գործող իրավական որևէ ակտում սահմանված պահանջեր և պայմաններ չկան, որի հետևանքով առաջացել են մի շարք խնդիրներ անասնաբուժական դեղատնային գործունեությամբ զբաղվող իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի շրջանում՝ հարկային մարմինների կողմից իրականացվող ստուգումների և հարուցված վարույթների արդյունքում, ինչպես նաև դժգոհություններ անասնապահությամբ զբաղվող տնտեսավարողների շրջանում՝ պատճառաբանելով, որ անասնաբուժական դեղամիջոցները վաճառվում են այլ ապրանքատեսակների հետ, վաճառքն իրականացվում է ոչ մասնագետի կողմից, վաճառասրահը պատշաճ կահավորված և հագեցված չէ, ժամկետանց դեղամիջոցների, թափոնների ոչնչացումը չի իրականացվում իրավական ակտերով սահմանված պահանջներին համապատասխան։
Անդրադառնալով հարկային մարմինների կողմից իրականացվող ստուգումներին և հարուցված վարույթներին, անասնաբուժական դեղատնային գործունեությամբ զբաղվող տնտեսավարողները բազմիցս դիմել են նախարարությանը՝ խնդիրը կարգավորելու և իրենց ու պետական մարմինների միջև հանդիպում-քննարկում կազմակերպելու համար։
Վերը նշվածի կապակցությամբ նախարարությունում կազմակերպվել է քննարկում՝ Առողջապահության նախարարության, Պետական եկամուտների կոմիտեի մասնագետների և տնտեսավարողների հետ, որի ընթացքում տնտեսավարողներն իրենց պատրաստակամությունը հայտնեցին գործունեությունը լիցենզավորելու վերաբերյալ, սակայն ընթացակարգի բացակայությամբ պայմանավորված առաջացել են խնդիրներ՝ «Լիցենզավորման մասին» օրենքով սահմանված դրույթի չկատարման հիմքով, որն առաջացրել է տուգանք, համաձայն Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի։
Անասնաբուժական դեղատնային գործունեության իրականացման նկատմամբ տուգանքների կիրառումը կհանգեցնի գործունեության դադարեցմանը՝ կավելանա տնտեսավարողների ֆինանսական բեռը, իսկ դեղատների փակման արդյունքում, մասնավորապես գյուղատնտեսական կենդանիների մոտ կարձանագրվեն վարակիչ հիվանդությունների դեպքեր, որը պատճառ կդառնա կենդանիների զանգվածային անկման, կամ օրինակ տնային կենդանիներին պատվաստում են կատաղություն հիվանդության դեմ և այդ պատվաստանյութի բացակայությունն ուղիղ սպառնալիք է մարդու առողջությանը։
Ներկայումս առողջապահության ոլորտում գործում է ՀՀ կառավարության 2002 թվականի հունիսի 29-ի N 867 որոշումը, որը չի կարգավորում անասնաբուժական դեղատնային գործունեությունը, քանի որ «Անասնաբուժության մասին» և «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» օրենքներով անասնաբուժական դեղամիջոցների շրջանառության վերաբերյալ վերահսկողությունը վերապահված է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնին, իսկ «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքով սահմանված դրույթին համաձայն՝ Էկոնոմիկայի նախարարությունը մշակում և իրականացնում է անասնաբուժության ոլորտում Կառավարության քաղաքականությունը:
Ուստի, խիստ անհրաժեշտություն է առաջացել հրատապ մշակել սույն նախագիծը՝ պետություն-մասնավոր ոլորտ համագործակցությունը կարգավորելու նպատակով։
Կարգավորման նպատակը և բնույթը
Սույն նախագծի մշակման նպատակն է կարգավորել անասնաբուժության ոլորտի իրավական ակտերի բացերը՝ սահմանելով ընթացակարգ անասնաբուժական դեղատների գործունեության իրականացման լիցենզավորման գործընթացում։
Նախագիծը մշակվել է հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ և «Դեղերի մասին» օրենքի 25-րդ հոդվածի 13-րդ մասերը, համաձայն որի սահմանվել են՝ անասնաբուժական դեղատնային գործունեությանը ներկայացվող գույքային, շենք-շինության, վաճառվող կամ իրացվող ապրանքատեսակի, դեղատանն աշխատանքն իրականացնող` անասնաբույժի կամ սանիտարական փորձագետի կամ անասնաբույժ-դեղագետի որակավորում ունեցող մասնագետի պարտադիր պահանջների կիրարկման դրույթներ, ինչպես նաև իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերին տրամադրվող լիցենզիայի ձևերը։
Միաժամանակ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ դեռևս «Անասնաբուժության մասին» օրենքում առկա են որոշակի բացեր՝ անասնաբուժական դեղատնային գործունեություն, անասնաբուժական դեղատուն և այլ հասկացություններ, ուստի վերջիններս սահմանվել են սույն նախագծով, ինչպես նաև օրենքում բացակայում է համապատասխան լիազորող նորմը, որի համար հիմք է ընդունվել «Դեղերի մասին» օրենքի դրույթը։
Վերը նշվածի կապակցությամբ հայտնում եմ, որ նախարարության կողմից մշակվում է մի շարք օրենքներում համապատասխան փոփոխություններ և լրացումներ, այդ թվում «Անասնաբուժության մասին», «Դեղերի մասին» օրենքերում՝ սահմանելով համապատասխան իրավական կարգավորումներ։
Ամփոփելով վերոգրյալը կարևորում ենք նախագծի ընդունման անհրաժեշտությունը՝ գործող իրավական ակտերում տարընկալումը բացառելով նպատակով։
Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից:
Կապը կառավարության ծրագրի և ռազմավարական ծրագրերի հետ
Սույն նախագիծն անուղղակի բխում է ՀՀ կառավարության ծրագրի մասին ՀՀ կառավարության 2021 թվականի օգոստոսի 18-ի N 1363-Ա որոշման 2.4-րդ կետի՝ ապահովել կենդանիների և բույսերի հիվանդությունների կանխարգելման արդյունավետ համակարգի ներդրումը․ գյուղատնտեսություն բաժնից։
Ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխության մասին
Նախագծի ընդունմամբ պետական բյուջեում եկամուտների և ծախսերի էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում։
Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է ապահովել՝
ü անասնաբուժական դեղատնային գործունեության ծառայություների մատուցման որակի բարձրացում,
ü անասնաբուժական դեղատներում համապատասխան մասնագետների ներգրավում, խորհրդատվության մակարդակի բարձրացում,
ü անասնաբուժական դեղատների նկատմամբ պատշաճ վերահսկողություն՝ սույն նախագծով սահմանված դրույթներին համապատասխան,
ü գույքային, շենք-շինության, վաճառվող ապրանքատեսակների նկատմամբ պահանջները և պայմանները լիցենզավորման գործընթացում։
Միաժամանակ կապահովվի Պետական տուրքի մասին օրենքի դրույթը։