Ընտրակաշառքը պետք է դառնա ՍԴ քննության առարկա

Ընտրակաշառքը պետք է դառնա ՍԴ քննության առարկա

«Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է. 

«Ընտրակաշառքը ոտնձգություն է Սահամանադրական կարգի նկատմամբ: Ընտրակաշառքը հարված է քաղաքացու ազատ կամքին, ընտրական իրավունքի էությանը և հանրային իշխանության սահմանադրական լեգիտիմությանը։

Վերջին ամիսների նախընտրական ողջ ժամանակահատվածում արձանագրված ընտրակաշառքի վերաբերյալ բազմաթիվ հաղորդումները, քրեական վարույթները, բացահայտված սխեմաները, ձերբակալությունները տեղային դրվագներ չեն։ Դրանց ծավալը, կրկնվող բնույթը, կազմակերպվածության նշանները և տարբեր բնակավայրերում ի հայտ եկած նույնատիպ մեխանիզմները առաջացնում են հիմնավոր իրավական կասկած, որ գործ ունենք ոչ թե առանձին ընտրախախտումների, այլ ընտրողի կամքի վրա համակարգված ազդեցության հետ։ Սա հենց այն հարցն է, որը պետք է քննության առարկա դառնա Սահմանադրական դատարանում։

Ընտրակաշառքը աղավաղում է ընտրողի ազատ կամարտահայտումը, ոչնչացնում է քաղաքական ուժերի հավասար մրցակցության սկզբունքը և կասկածի տակ դնում ընտրությունների արդյունքում ձևավորվող հանրային իշխանության լեգիտիմությունը։ Երբ ընտրողի ձայնը դառնում է առքուվաճառքի առարկա, այլևս վիճարկվում է ոչ միայն քվեարկության արդյունքը, այլև այդ արդյունքի սահմանադրական բովանդակությունը։

«Հանուն Հանրապետությունը» Սահմանադրական դատարանում բարձրացնելու է ընտրակաշառքի համակարգային ազդեցության հարցը՝ որպես ընտրությունների սահմանադրականության գնահատման առանցքային հիմքերից մեկը։

Մեզ համար սա Հայաստանի Հանրապետության քաղաքացու ձայնի անսակարկելի արժեքի, ընտրական իրավունքի պաշտպանության և ժողովրդավարական պետության հիմքերի պահպանման հարց է։
Ընտրությունները չեն կարող համարվել ազատ և լեգիտիմ, եթե դրանց վրա էական ազդեցություն են ունեցել փողը, ճնշումը, կազմակերպված ապօրինի մեխանիզմները և ընտրողի կամքի առևտրայնացումը։
Հայաստանի Հանրապետության իշխանությունը պետք է ձևավորվի ազատ կամքով, ոչ թե ընտրակաշառքով»։ 

Leave a Comment